“ԱՆԼՐՋՈՒԹՅԱՆ ՄՐՑԱՎԱԶՔԸ ԲԱՑԵՑ ՔԱՂԱՔԱԳԵՏ ՌԻՉԱՐԴ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԸ”
Պիսիմիստական հայացքներով մշապես աչքի ընկնող քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, թե Երեւանի ավագանու ընտրությունները հերթական կեղծված ընտրություններն էին: Վերջինս նույնիսկ շտապել է դիտորդների անունից գնահատականներ հնչեցնել: Ի պատասխան վերոնշյալ “լացուկոծի”, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆԸ գրում է. “Ընտրություններն ավարտվեցին: Եկան Հռոմի պապից ավելի կաթոլիկ երեւալու ժամանակները: Անլրջության մրցավազքը վայրկյան առաջ բացեց հայտնի քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը: «Կեղծված նախագահական ընտրություններից հետո...» , «համատարած խախտումներ», «դիտորդների փոխանցմամբ» եւ տղա երեւալուն հարիր այլ բարձրագոչ եզրերով կուրծք ծեծողների շքահանդեսը բոլորից շուտ հասցրեց բացել հենց նա եւ դեռ կեսօրին «ամփոփեց» ընտրություններն ու գնաց իր գործերին: Մեկ բառով. անլրջություն: Քաղաքագիտությանը հարկ ավելի լուրջ վերաբերել, վերլուծել փաստերը եւ կարողանալ վեր կանգնել տպավորություններից ու զգացմունքայնությունից: Չստացվեց: Այսօրվա ընտրությունների համապարփակ ու հավասարակշռված գնահատականը չշտապող մասնագետները դեռ կհասցնեն տալ, իսկ «կեղծված նախագահական ընտրությունների» համար, հարգարժան պարոն Կիրակոսյան, խորքային քաղաքագիտությունը մի օր Ձեզ կների:”
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ