«ԿՈԼՑՈ» ՕՊԵՐԱՑԻԱՅԻ ՀԱՐՑԸ ՊԵՏՔ Է ՔՆՆՎԻ ՀԱԱԳԱՅԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների վետերանների միության նախագահ՝ գնդապետ Գրիշա Սարգսյանը այսօր շնորհավորեց ողջ հայությանը Մայիսի 9-ի հաղթանակների կապակցությամբ և շեշտեց, որ դրա շնորհիվ մենք այսօր ունենք երկու հաղթանակած պետության՝ Հայաստանի Հանրապետություն և Արցախի Հանրապետություն: Նա կարևորեց նաև Հայրենական պատերազմում մեր պապերի և հայրերի տարած հաղթանակը ֆաշիստահակ Գերմանիայի հանդեպ: Նա նշեց, որ այսօր մենք ունենք հաղթանակած հզոր բանակ և իրենք պատրաստ են կանգնել բանակի կողքին ու առաջին իսկ ոտնձգության դեպքում հակահարված տալ թշնամուն. «Մենք հզոր ենք և մենք հզորությունը ապացուցել ենք Արցախյան ռազմաճակատում»: Գնդապետը նշեց, որ այսօր լրանում է նաև «Կոլցո» օպերացիայի 22-րդ տարելիցը: Սրանով ուրախության կողքին եղավ տխրություն. «Բոլորդ քաջ գիտակցում եք, որ Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովը բանավոր համաձայնության գալով Միխայիլ Սերգեևիչ Գորբաչովի հետ 1990թ.-ին հայ ազգի դեմ կատարեցին այդ ոճրագործությունը: Հայաթափվեց Դաշտային Ղարաբաղը, Շահումնայի շրջանը, Գետաշեն, Մարտունաշեն: Հայաթափվեցին նաև Բերդաձորի ենթաշրջանի 24 գյուղեր: Բացի դրանից գերևարվեցին, զոհվեցին և անհայտ կորան միլիցիայի հատուկ ջոկատայիններ: Դրա համար այս օպերացիայի համար միջազգային բոլոր նորմերին և իրավական ակտերին համաձայն մենք այսօր բողոքի նոտա ենք պատրաստվում հղել Հաագայի դատարան՝ Միխայիլ Սերգեևիչ Գորբաչովին և Մութալիբովին դատարանի առջև կանգնեցնելու համար: Դիմելու ենք նաև Նոբելյան մրցնակի կոմիտե, որպեսզի 90թ.-ին Մ.Ս.Գորբաչովի ստացած Նոբելյան մրցանակը անվավեր ճանաչվի»:
Գնդապետը տեղեկացրեց, որ որպես հանցագործության մասին վկայություն հիմք է ընդունվում 2003 թ. ապրիլի 14-ին Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովի տված հարցազրույցը «Ազատություն» ռադիոկայանին:
Նա նաև նշեց, որ ֆիզիկական կամ իրավաբանական անձինք չեն կարող դիմել Հաագայի դատարան, այն էլ Մութալիբովի և Գորբաչովի նման մարդկանց կանչել դատական պրոցեսի.
« Դրան պետք է միջամտի պետությունը՝ Հայաստան աշխարհը: Սա հզոր զենք է, հզոր զենք է Մութալիբովի տված հարցազրույցը, որը որ Հայաստանը կարող է օգտագործել միջազգային ոլորտում վերջնականապես Ադրբեջանի հիստերիան սսկվացնելու համար: Մենք դիմելու ենք Հայաստանում արդարադատությա նախարարին, որպես պահանջատեր (որովհետև առաջին հարվածը միլիցիայի հատուկ ջոկատաըիններն են վերցրել իրենց վրա), Արտաքին գործերի նախարարին, Գլխավոր դատախազին, Մարդու իրավունքների պաշտպանին և Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարին: Նրանց հետ համատեղ միջազգային նորմերին համապատասխան, միջազգային իրավական ակտերով դիմում բողոքի նոտա ենք հղելու հիմք ընդունելով Մութալիբովի տված հարցազրույցը հանցագործության մասին»:
ՄԱՐԻՆԵ ԲԱՐՍԵՂՅԱՆ