ՊԵՏՔ ՉԷ ԸՆԿՆԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԱՂԵՐԸ …
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը տարօրինակ է համարում այն փաստը, որ այս տարի ապրիլի 24-ին և մայիսի 9-ին հայկական կայքերի վրա հակերային հարձակումներ չեղան. «Տարօրինակ է, բայց այս տարի հակառակն էր. այդ օրերին ոչ մի հարձակում չեղավ հայկական կայքերի վրա, ավելի հանգիստ էր, քան մնացած օրերին»։
Փորձագետի փոխանցմամբ՝ մայիսի 8-ին հայկական մոտ 10 կայք հարձակման ենթարկվեց։ Իսկ հայկական կիբերբանակը ապրիլի 24-ին կայքեր կոտրեց, որոնք ավելի ցուցադրական կայքեր էին։ «Մայիսի 10-ին նամակներ հրապարակվեց, դրանք այն լրագրողների նամակներն էին, որոնք աշխատում էին հայերի դեմ։ Այդ նամակները բովանդակային մեծ իմաստ ունեն և կարևոր է, որ դրանք ուսումնասիրվեն մասնագետների և լրագրողների կողմից»:
Սամվել Մարտիրոսյանի խոսքով՝ այն կայքերը, որոնք զուտ Ցեղասպանության թեմայով են, այսօր բավականին պաշտպանված են։ Մյուս կողմից հավանական է, որ հակառակորդի միջոցները սպառվել են։ «Իսկապես զարմանալի է, բայց այս ոլորտում միշտ պետք է սպասել է՛լ ավելի վատ քայլերի իրենց կողմից»,- նշեց նա։
Փորձագետը նաև ասաց, որ մեզանում անձնական տվյալները լավ չեն պաշտպանվում. «Երբ ԿԸՀ-ի կայքում մեր հասցեներն են դրված, դա մեր անձնական տվյալներն են, ըստ իս՝ ավելի ճիշտ է ընտրական ցուցակները հրապարակել, քան մեր տվյալները տեղադրել կայքում։ Օրինակ՝ կանայք Facebook-ում իրենց տարիքը չեն գրում, բայց ԿԸՀ-ի կայքում այդ ամենը տեղադրված է»,- նկատեց նա։
«Իրավունքի» այն հարցին, թե ավելի ճիշտ չի լինի, որ մենք ոչ թե անընդհատ պատասխանենք ադրբեջանցի եւ թուրք հակերների հարձակումներին, այլ մեր տեղեկատվական եւ կարեւորագույն կայքերի պաշտպանությունը մեծացնենք, Սամվել Մարտիրոսյանը պատասխանեց(անվտանգության նկատառումներից ելնելով պատասխանը կներկայացնենք կրճատված).«Գիտեք, ըստ իս ընկնել ադրբեջանական բաղերը, եւ ամեն անգամ իրենց հարցակումներին պատասխանել եւ այն էլ սիմետրիկ ,չարժե:Նրանք մտածում են միայն կոտրած կայքերի քանակի մասին:Դե իհարկե ժամանակ առ ժամանակ պատասխանել պետք է քանի որ շատերը կարող են համարել, որ մենք պարտվում ենք ասենք 20-ով 0:Բայց հակերային հարձակումները դարձնել ամենօրյա զբաղմունք, ուղղակի ծիծաղելի է:Հայաստանում պետական կայքերը շատ ավելի պաշտպանված են քան ասենք տեղեկատվական կայքերը:Եթե ուշադրություն դարձնենք հայկական լրատվական կայքերի վրա հարձակումների թիվը շատ մեծ է, ինչը բավականին մտահոգիչ է: Բայց մեր բախտը այնքանով է բերել, որ ադրբեջանցիները այնքան դեբիլ են , որ շատ բան չեն հասկանում եւ բավարարվում են ասենք կայքը կոտրելով եւ հայերեն հայհոյանքներ գրելով: Ուղղակի տխմարներ են… »:
ԱՍՏՂԻԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ