ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՋԱԿՑԻ՞ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻՆ
Ազատության հրապարակում արդեն մի քանի օր է, ինչ Արցախյան ազատամարտի մասնակիցները իրենց բողոքի ակցիան են իրականացնում: Այդ մեթոդով նրանք ցանկանում են կառավարության ուշադրությունը դարձնել պատերազմ տեսած, սակայն բավական ծանր սոցիալական վիճակում գտնվող ազատամարտիկների մի շարք խնդիրներ վրա: Ինչպես նշում է ակցիայի մասնակիցներից ՍՈՒՐԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ. "Մեր հիմնական նպատակն է կառավարության ուշադրությունը դարձնել պահեստային ազատամարտիկների սոցիալական ծանր վիճակին, հարկավոր է պետական հոգածություն: Ամենակարեւորն այն է, որ նրանք չմոռանան մեր ավանդը բանակի ստեղծման, պետության կայացման հարցերում: Ամոթ էլ է, որ մենք մեր երկրի մեջ պայքարով խոսենք կառավարության հետ... Երբ գնացինք կառավարության շենք, մեզ մոտեցան, դիմումը վերցրին եւ խոստացան, որ մեկամսյա ժամկետում կպատասխանեն: Մենք չենք ցանկանում երկրում ավելորդ լարվածություն ստեղծել ու թշնամու ջաղացին ջուր լցնել: Մենք պետության մի մասնիկն ենք ու առանց խախտումների` միայն օրինական ձեւով, ցանկանում ենք կառավարությանը հասանելի դարձնել խնդրի իրողությունը":
Հետաքիրքիր է` իսկ ի՞նչ կերպ է արձագանքում ընդդիմադիր թեւը այս ամենին, արդյո՞ք պատրաստ են աջակցել արյան գնով հայրենիքը պաշտպանած անձանց: Օրինակ` "Ժողովրդավարական հայրենիք" կուսակցության նախագահ ՊԵՏՐՈՍ ՄԱԿԵՅԱՆԸ ասել է. "Որ ազատամարտիկների սոցիալական վիճակը ծանր է` դա նոր երեւույթ չէ: Այսօր Հայաստանում դեպքերը ծայրահեղությունից ծայրահեղություն են, կան օլիգարխիկ ազատամարտիկներ, որոնք սպասարկել ու սպասարկում են վարչախմբին, եւ կան նույն պատերազմի մասնակիցներ, առողջական խնդիրներ ունեցող մարդիկ, որոնք գոյատեւման խնդիր ունեն: Այն մարդկանց նկատմամբ, ովքեր հավաքվել են Ազատության հրապարակում, կարծում եմ, ցանկացած տիպի աջակցություն է անհրաժեշտ: Մեր կուսակցությունը մշտապես եղել է պայքարող մարդկանց կողքին, եղել ենք ու կլինենք": Բայց, այնուամենայնիվ, զրույցի սկզբում պարզվեց, որ Մակեյանը բավականին անտեղյակ էր ազատամարտիկների ակցիայից, թեեւ լրատվական կայքերը լեցուն են սպառիչ տեղեկատվությամբ:
ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ