"ԷՍ ՏԵՄՊԵՐՈՎ ՄԻ ԱՄԻՍ ՀԵՏՈ ԷԼ ԿՐԱԿԸ ՉԵՆ ՄԱՐԻ"
Մայիսի 15-ին, ժամը 23.58-ի սահմաններում հրդեհ է բռնկվել, Երեւանի Արշակունյաց պողոտայի թիվ 252 հասցեում գտնվող «Սպայկա» ընկերությունում: Նախ հայտարարվել է հրդեհի բարդության 2-րդ, ապա 3-րդ բարդության աստիճան: Նախնական տվյալներով այրվում է 3 հարկանի շինությունն ամբողջությամբ` 4500քմ մակերեսով: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 17 մարտական հաշվարկ, 3 ավտոսանդուղք, 1 գազածխապաշտպան ծառայության օղակ, 2 փրկարարական ջոկատ, հատուկ նշանակության փրկարար աշխատանքների իրականացման կենտրոնի անձնակազմից 110 հրշեջ-փրկարար եւ փրկարար, արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը։
«Սպայկա» ընկերությունում շարունակվում են երեկ կեսգիշերից սկսած հրդեհի մարման աշխատանքները: ԱԻՆ աշխատակիցը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ժամը 11-ի դրությամբ հաջողվել է մեկուսացնել հրդեհը, բայց չի հաջողվել մարել: Քանի որ շենքում կան դյուրավառ նյութեր` փայտ, պլաստմաս, կրակն արագ տարածվել է:
Փրկարարները շենքի ներսում չեն աշխատում, քանի որ չափազանց վտանգավոր է, ընկերության շենքի մի քանի պատեր քանդվել են, որ հրշեջները կարողանան մարել կրակը: Հրշեջների խոսքով, այս ծավալի եւ մասշտաբներով հրդեհ Երեւանում շատ վաղուց չէր եղել:
Տեղում պարզ դարձավ, որ ոստիկանները եւ ԱԻՆ-ի աշխատակիցները հարցերի պատասխանելու ժամանակ չունեին, միայն տարածքում առկա բազմությանը պահանջում էին լքել տարածքը, քանի որ պայթյունի վտանգը մեծ էր:Հիմնականում կրակը չէին կարողանում մարել, որովհետեւ կար ջրի պակաս: Փոխանակ մի քանի մեքենա միասին ջուր մատակարարեին, 5 րոպեն մեկ ջրցան մեքենաները գնում էին ջրի ետեւից: Այդ ընթացքում ծուխը կրկին սկսում էր բորբոքվել:Երբ «Սպայկա» ընկերության ներկայացուցիչ Դավիթից փորձեցինք ճշտել թե վնասի չափը մոտավոր հայտնի է, թե ոչ, վերջինս թե` «Սաղ վարի ա»:
Ինչ վերաբերում է հարցին, թե կան հրդեհի բռնկման պատճառների վարկածներ, ընկերության ներկայացուցիչն ասաց.«Իհարկե ոչե:Աշխատակիցներից մյուսն էլ, որր շատ ավելի բորբոքված էր հեգնանքով նշեց. «Դե, որ էս տեմպերով 1 ամիս հետո կրակը հանգցնեն, պատճառների մասին դժվար էլ իմանանք»:
Դեպքի մասին տեղյակ են պահվել 1-02, 1-03, էլ. ցանցի և ՃՈ-ի հերթապահներին: Պատճառված վնասի չափերը այս պահի դրությամբ հնարավոր չէ ճշտել: Տուժածներ չկան, միայն անվտանգության ծառայության աշխատակցի ձեռքը մի թեթև վնասվել է:
ԱՍՏՂԻԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ