ԳԱԶԻ ԹԱՆԿԱՑՈՒՄԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՆԹԱՏԵՔՍՏ ՉՈՒՆԻ
Ո՞ւմ հաշվին է կառավարությունը սուբսիդավորելու գազի սակագինը՝ հանելուկ է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Գործատուների հանրապետական միության ղեկավար Գագիկ Մակարյանը՝ անդրադառնալով գազի գնի թանկացման մասին քննարկումներին:
Բանախոսը նշեց, որ ուսումնասիրելու են «ՀայՌուսգազարդ»-ի առաջարկը, ավելին՝ մասնակցելու են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատանքներին և փորձելու են պարզել, թե որտեղ է գազի սակագնի բարձրացումը չափազանցված:
Նա արձանագրեց, որ «ՀայՌուսգազարդ» ընկերությունը մեծ գումարներ է օգտագործում արձակուրդների, աշխատավարձերի, շենք-շինությունների, հանգստի, էլիտար պայմանների վրա, ուստի այստեղ պետությունն իրավունք ունի օպտիմալացման խնդիր դնել՝ ելնելով ՀՀ տնտեսության իրավիճակից, գոնե բարոյական տեսանկյունից մոտենալ հարցին: Ըստ նրա՝ պետք է անդրադարձ կատարվի նրան, թե ում հաշվին է այդ լավ կեցությունն ապահովվում:
Խոսվեց նաև անապահով ընտանիքների կոմպենսացիաների մասին. «Դա ողջունելի է, իմ հաշվարկներով՝ դա կկազմի մեկ մլն դոլար, բայց պետությունը հավաքելու է շուրջ 40-50 մլն դոլար հարկ: Այստեղ ևս հակասություն կա»,- ասաց բանախոսը՝ հավելելով, որ գազի սակագնի բարձրացումը կառաջացնի լուրջ տնտեսական խնդիրներ: Նրա գնահատմամբ՝ ամեն ինչ վատ է հաշվարկված, խնդիրը պետք է ուսումնասիրել բազմակողմանի, հակառակ դեպքում կկանգնենք նոր արտագաղթի, գործազրկության, հուսահատության, աղքատության խնդիրներին դեմ հանդիման:
«Իրավունքի» այն հարցին, թե արդյոք գազի թանկացման համար նաեւ Եվրոմիությունը չունի իր մեղքի բաժինը, քանի որ Հայաստանին անընդհատ երկու քարի արանք են թողնումԵվրոմիություն, թե՞ Եվրասիական միություն կողմերը, պարոն Մակարյանը պատասխանեց .«Ես գազի թանկացումը չեմ կապում քաղաքական կողմի հետ: Իհարկե Ռուսաստանը քաղաքական երկիր է, բայց ես խնդիրը չեմ կապում Եվրասիական միության հետ:Պատճառներն այլ են, ավելի շատ մենք մեր մեջ պիտի սխալը փնտրենք: Որքան էլ պետությունը համարվի բարեկամ, իր շահերի համար կարող է անել մանիպուլիացիաներ»:
ԱՍՏՂԻԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ