ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ ԼՔՈՒՄ Է «ԱԶԱՏ ԴԵՄՈԿՐԱՏՆԵՐԻ» ՇԱՐՔԵՐԸ
Այսօր ՀՀՇ-ի վերածննդի մասին ազդարարող ասուլիսի ժամանակ Արարատ Զուրաբյանը ասաց, որ իրենք շատ համախոհներ ունեն, ովքեր կողմ են ՀՀՇ-ի վերականգնմանը. « Այս պահից հետո մենք բացեիբաց բոլորի հետ կխոսենք և բոլորի տեսակետները կհստակեցնենք»:
«Ազատ Դեմոկրատներ» կուսակցության, և ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանը անդրադառնալով ժամանակին ՀՀՇ-ն լքելու փաստին ասաց, որ. «2010թ. Հայոց Համազգային Շարժման հերթական համագումարից հետո եղան որոշակի հակասություններ կապված վարչության ձևավորման հետ և ազատականությունից նահանջի հետ: Մի քանի տասնյակ քաղաքական գործիչներ որոշեցին դուրս գալ այդ Համազգային Շարժումից և հաշվի առնելով, որ կա ազատական թիմ ձևավորելու պահանջարկ, իրենք նախաձեռնեցին «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ստեղծումը»:
Ինչ վերաբերվում է ներկային ապա նա հայտնեց, որ մայիսի 2-ին ներկայացրել է դիմում «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից դուրս գալու մասին: Նա նշեց, որ լավ հարաբերությունների մեջ է «Ազատ դեմոկրատների» հետ և ապագայում պարզ կլինի, թե ինչ ձև կընդունի իրենց հավանական համագործակցությունը: Նա նաև ասաց, որ կշարունակի մնալ ԱԺ «Ժառանգություն» խմբկցության անդամ:
Հարցին, հնարավո՞ր է արդյոք «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության անդամ Խաչատուր Քոքոբելյանի անդամակցումը ՀՀՇ-ին՝ հաշվի առնելով որոշ անհաշտություններ նրա և Արարատ Զուրաբյանի միջև, ինչի արդյունքում պարոն Զուրաբյանը լքել էր «Ազատ դեմոկրատներ»-ի շարքերը, վերջինս պատասխանեց.
« ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի կարող է միանալ ցանկացած կուսակցության, եթե կիսում է նրա գաղափարախոսությունը և ընդունում է կանոնադրությունը: Նույնը վերաբերվում է նաև Խաչատուր Քոքոբելյանին: Ինչ վերաբերվում է նրան, թե ես դուրս եմ եկել՝ կային որոշակի հակասություններ, ես գտնում էի, որ «Ազատ դեմոկրատները» պետք է հանդես գային «Ժառանգության» հետ միասին, սակայն համահավասարազոր դաշինքի ձևով, դա տեղի չունեցավ: Իմ համար որոշակի անընդունելի բաներ կային»:
ՄԱՐԻՆԵ ԲԱՐՍԵՂՅԱՆ