Սպիտակի երկրաշարժից առաջ մոտ 20 նախանշան է եղել
« Քանի որ Հայաստանը գտնվուն է բարձր սեյսմիկ վտանգի գոտում, ամեն մի տարի մեզ մոտեցնում է հաջորդ ուժեղ երկրաշարժին»,- այս մասին այսօր լրագրողների հետ կիսվեց Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության գործակալության պետ Հրաչյա Պետրոսյան: Նա նշեց նաև, որ ցավոք սրտի հնարավոր չէ խուսափել երկրաշարժից, քանի որ դա բնածին երևույթ է, և այնուամենայնիվ մենք պարտավոր ենք անել այնպես, որ հաջորդ երկրաշարժը չդառնա աղետալի: Պետք է ամեն ինչ արվի սեյսմիկ ռիսկի նվազեցման համար: Անդրադառնալով Հայաստանի բնակչության սեյսմիկ պաշտպանվածության մակարդակին, նա նշեց, որ այդ ուղղությամբ մեծ քայլեր են արվել՝ սկսել են կառուցել ավելի որակյալ շենքեր, հեռարձակվում են ուսուցողական հաղորդումներ՝ հասարակությանը իրազեկելու նպատակով: Քայլեր են կատարվում նաև երկրաշարժերի կանխատեսման ուղղությամբ: 2002թ.-ին սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության ջանքերով լույս է տեսել սեյսմիկ պաշտպանությանը վերաբերող առաջին գիրքը: Հ. Պետրոսյանի հավաստմամբ սա, նման առաջին գիրքն է՝ ԱՊՀ տարածքում: Այն արդեն թարգնամվել է ռուսերեն և տարածվել ԱՊՀ երկրներում (սեյսմիկ ծառայությունները «ռեակտիվ » կերպով են աշխատում, 2002թ.-ին լույս տեսած, սեյսմիկ պաշտպանության վերաբերյալ գրքի մասին 2012թ.-ին տեղեկացրեցին հասարակությանը):
Նա հայտնեց, որ կառուցվել է Հայաստանի սեյսմոտեկտոնական մոդելը, որի հիմքում ընկած են Հայաստանի տարածքի սեյսմոակտիվ խզվածքները, երկրաշարժերի օջախների ուսումնասիրությունները և պատմական ուժեղ երկրաշարժերը: Երկրաշարժի կանխատեսումը ունի ինչպես երկարաժամկետ, այնպես էլ կարճաժամկետ կանխատեսման բնույթ.« Եթե մենք կարողանանք հնարավորինս բարձր հավանականությամբ կանխատեսել երկրաշարժը, մենք կունենանք շատ ավելի քիչ մարդկային զոհեր:
Անդրադառնալով 1988թ. դեկ. 7-ի երկրաշարժի հետևանքով առաջացած աղետի գոտուն, Հ. Պետրոսյանը նշեց, որ ներկայումս այնտեղ կառուցվում են բավական որակյալ սեյսմոկայուն շինություններ: Մշակվում և լրացվում է նաև օրենսդրական դաշտը, սեյսմիկ պաշտպանության ծառայության կողմից ներկայացված մի շարք օրենսդրական ակտեր հաստատվել են կառավարության կողմից: Որոշ օրենսդրական ակտեր վերաբերում են Երևանում մինչև 1989թ. կառուցված շենքերի և շինությունների ամրացմանը: Քանի որ այս հարցի լուծումը պահանջում է մեծ ֆինանսական ներդրումներ, Պողոսյանը հայտնեց, որ գործակալությունը դիմել է Ասիական զարգացման բանկին և միջազգային դոնոր կազմակերպությունների՝ ֆինանսավորում ստանալու նպատակով: Ներկայումս գործակալությունը տեխնիկական և ֆինանսական աջակցություն է ստանում Ճապոնիայից:
Հ. Պետրոսյանը կարծիք հայտնեց, որ նորակառույց շենքերը ավելի ապահով են, քան խորհրդային տարիներից մնացած շինությունները: Թե քանի տոկոս են կազմում խորհրդային ժամանակներից ժառանգված շենքերը, գործակալության պետը դժվարացավ նշել, ասելով.« Ես այս պահին տոկոսը չեմ կարող ասել, բայց բոլորս էլ տեսնում ենք, որ հիմնականում ապրում ենք Խորհրդային միության տարիներին կառուցված շենքերում»: Պետրոսյանը նշոց, որ նոր շենքերի կառուցման աշխատանքները վերահսկելու համար գործակալությունը լծակներ չունի: այդ գործառույթները իրականացվում են քաղաքաշինության նախարարության կողմից, որտեղ էլ գործում է պետական հսկողական տեսչությունը, որը և պատասխանատու է այդ հարցերի համար:
«Իրավունք»-ի դիտարկմանը, որ 2009թ.-ին Իտալիայի Ակվիպ քաղաքում տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ զոհվեց 300 մարդ և նրանց մահվան մեջ մեղադրվելով վեց տարի ազատազրկման դատապարտվեցին յոթ սեյսմոլոգներ: Մեր դեպքում՝ Սպիտակի երկրաշարժի ժամանակ, 25 հազ. մարդ զոհվեց, սակայն ոչ ոք պատասխանատվություն չկրեց: Արդյո՞ք Իտալիայի տարբերակը կիրառելի չէ՝ մեր հարցին, Պետրոսյանը պատասխանեց. « Սպիտակի երկրաշարժի ժամանակ դեռ չկար Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն, որպես միացյալ պետական կառույց, որը պատասխան է տալիս սեյսմիկ պաշտպանության բնագավառի բոլոր գործառույթների համար և միևնույն ծամանակ տիրապետում է այն բոլոր տվյալներին և գիտելիքներին, որոնք անհրածեշտ են նման գործառույթ իրականացնելու համար: Հենց դրա համար էլ Սպիտակի երկրաշարժից երկուս ու կես տարի անց ստեղծվեց պետական կառույց, որը այն ժամանակ կոչվում էր ՀՀ Կառավարությանն առնթեր սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն՝ Սպիտակի դասերի արդյունքում»: Ինչ վերաբերվում է Իտալիայի օրինակին, Պետրոսյանը նշեց, որ բազմաթիվ գիտնականներ, որոնք զբաղվում էին երկրաշարժերի կանխատեսման հարցերով, պարզապես լքել են այդ ոլորտը.« փաստորեն դատեցին մարդկանց մի խնդրի չլուծման համար, որը նրանք չէին կարող լուծել»: Մանրամասն ներկայացնելով Ակվիպի դեպքը, Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության գործակալության պետը հայտնեց, որ Իտալիայի գիտնականներից մեկը երկրաշարժի կանխատեսում էր արել, բայց դեպքի վայրի առումով սխալվել է 50 կմ-ով, ժամանակի առումով՝ 9 օր: Եղել են սեյսմոլոգներ, որոնք հրապարակավ հայտարարել են որ այդ կանխատեսումը սուտ է, շառլատանություն է և հանգստացնելով բնակչությանը, կոչ են արել ապրել բնականոն կյանքով: Հետո, երբ տեղի է ունեցել երկրաշարժը, զոհվածների բարեկամները պահանջել են այդ հայտարարության հեղինակներին դատապարտել:
« Իրավունք»-ի դիտարկմանը, որ 1988թ. Սպիտակի երկրաշարժից հետո հասարակության մեջ վարկած էր շրջանառվում, որ երկրաշարժը արհեստածին էր և նման փլուզումների էին հանգեցրել Նալբանդ գյուղի տակ տեղադրված հատուկ նշանակության ռումբերի ակտիվացումը: Արդյո՞ք դա կարող է համապատասխանել իրականությանը՝ հարցին, Հ. Պետրոսյանը պատասխանեց. « Բոլորովին արհեստական չէր, քանի որ այն էներգիան, որը անջատվեց Սպիտակի երկրաշարժի ժամանակ շատ ու շատ ավելի մեծ էր, քան ատոմային ռումբի էներգիան: Երկրաշարժից երկու տարի ութ ամիս առաջ Գյուլաքարա գյուղում տեղադրված երկրի մագնիսականությունը չափող սարք ունենք,մագնիսաչափ ունենք՝ հիմա էլ է տեղադրված, որը չափում է երկրի բնական դաշտը: Երկու տարի ութ ամիս առաջ սկսեց շեղվել բնական դաշտից: Շեղվեց և այդ շեղումը շարունակվեց մինչև Սպիտակի պահը, որից հետո տվյալները նորից վերադարձան ֆոնային մակերես»: Նա նշեց, որ Սպիտակի երկրաշարժի հետ կապված մոտ քսան նախանշան է եղել, որոնք սակայն երկրաշարժից հետո են համակարգվել և ուսումնասիրվել:
Մարինե Բարսեղյան