ՙՙՎՐԱՍՏԱՆԻ ԳՐԱՆՏԱԾԻԾՆԵՐԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՒՄ ԵՆ ՀԱՅ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ԱԶԱՏՄԱՆԸ
Եվրամիության գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը` լինելով Վրաստանում, հայտարարել է, որ ընտրովի արդարադատություն եւ քաղաքական հակառակորդների հետապնդում չպետք է լինի: Թե Եվրամիության այսպիսի դիրքորոշումը Վրաստանում որեւէ դրական տեղաշարժ կբերի± Վահագն Չախալյանի եւ մյուս քաղբանտարկյալների հարցում, ՙԻրավունքը՚ պարզեց ՙՋավախք՚ հայրենակցական միության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր ՇԻՐԱԿ ԹՈՐՈՍՅԱՆԻՑ.
-Եթե խոսքը գնում է այլեւս չլինելու մասին, ապա այդ այլեւս չլինելը առաջին հերթին կապված է նոր իշխանությունների գործելաոճի հետ, որովհետեւ արդեն պարզ է, որ Վրաստանում, այնուամենայնիվ, քաղաքական իշխանության փոփոխություն է տեղի ունեցել: Իսկ ինչ վերաբերում է նախորդ իշխանությունների քաղաքական հայացքների համար մարդկանց հետապնդումներին ու քաղբանտարկյալների առկայությանը, ապա դա փաստ է: Եվ նրանց թվում նաեւ Վահագն Չախալյանը, Մելիք Ռաիսյանը, որոնք այս վերջին շրջանում են դատապարտվել եւ շատ շատերը: 180 հոգու (կարծես թե 6 հոգին են հայ) անուն կա, որոնք ընդգրկվել են միջազգային իրավապահ, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպության կազմած ցուցակում: Նոյեմբերի 19-ին այդ ցուցակը քննարկել են Վրաստանի խորհրդարանի համապատասխան կոմիտեի նիստում, իսկ քննարկման շարունակությունը տեղի է ունենալու դեկտեմբերի 5-ին: Եթե այդ ցուցակում վերանայումներ չեղան, այսինքն` ցուցակն ամբողջությամբ հաստատվեց որպես քաղբանտարկյալներ, այդ թվում նաեւ Վահագն Չախալյանը, ապա ես կասեմ, որ Վրաստանը որդեգրում է դեպի առանց քաղաքական հալածանքների քաղաքականության: Սակայն, արդեն իսկ ակնհայտ է, որ Վրաստանի, այսպես ասած, հասարակական սեկտորը, որոնք հիմնականում նախկին իշխանությունների տրամադրած կամ միջնորդավորված գրանտներով սնված հասարակական կառույցներն են, սկսել են աղմուկ բարձրացնել բլոգներում, սոցցանցերում: Իբրեւ նոր իշխանություններն ուզում են ազատ արձակել այնպիսի մարդկանց, ովքեր Վրաստանի պետության դեմ են եղել եւ այլն: Ակնարկներն ակնհայտ են դեպի Վահագն Չախալյանը եւ նմանատիպ մարդիկ, որոնք, ըստ նրանց, չպետք է ազատ արձակվեն: Հիմա Ք. Էշթոնի այս այցելությունը գուցե եւ դրական ազդեցություն ունենա եւ, հուսանք, որ այդ վայ ՀԿ-ների սեկտորը հետեւանքներ չի ունենա դեկտեմբերի 5-ի քննարկումների վրա:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ