ՄԱՐԶԵՐԻ ՀՂԻ ԿԱՆԱՅՔ ՍՏԻՊՎԱԾ ԿԼԻՆԵՆ 107.000 ԴՐԱՄ ՎՃԱՐԵԼ ԵՐԵԱՎՆՈՒՄ ԾՆՆԴԱԲԵՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հրամանով մայիսի 1-ից ծննդօգնության հավաստագրերը տեղայնացվել են: Դա նշանակում է, որ յուրաքանչյուր կին անվճար կարող է ծննդաբերել միայն այնտեղ, որտեղ ինքը բնակվում է: Այլ վայրում ծննդաբերելու դեպքում՝ նա պետք է 107.000 դրամ վճարի: ՀՀ առողջապահության նախարարության մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանի խոսքով՝ որոշման հիմնական նպատակը մարզերի ծննդօգնության հիմնարկներին ուղարկվող ֆինանսական միջոցների ապահովումն է. <Նպատակներից է կանանց բավարարվածության բարձրացումը, բուժպօգնության ֆիզիկական մատչելիության բարձրացումն է և բուժօգնության շարունակականության ապահովումը>:
<Սա նշանակում է, որ հղի կանայք վերցվում են նախածննդյան հսկողության՝ ըստ բնակության վայրի: Եթե կինը 9 ամիս շարունակ հսկվել է տեղամասային մանկաբարձ-գինեկոլոգի կողմից, այսինքն՝ տարածքային սկզբունքով, և հրաշալի գիտեն այդ կնոջ բոլոր խնդիրները, և այդ կինն ունի նորմալ հղիության ընթացք, առողջական որևէ պրոբլեմ չունի, գործ ունենք ցածր ռիսկի առողջ հղիների հետ, հետևաբար՝ այդ հղին մեծ հաջողությամբ կարող է ծննդաբերել ըստ բնակության վայրի: Ընդ որում, ըստ բնակության վայրի մարզային բուժհաստատություններում պետք ծննդաբերեն այն կանայք, որոնց հղիությունը և ծննդաբերությունը չի պահանջում մասնագիտական հատուկ հետազոտում և բուժում: Այդ կանայք կարիք ունեն միմիայն հսկողության, աջակցության և բժշկական օգնության>: Ըստ Գայանե Ավագյանի՝ Առողջապահության կողմից ընդունված այս որոշմամբ կանանց իրավունքները չեն խախտվում, չեն սահմանափակվում: Բարձր ռիսկի խնդիրներով հղիները ուղեգրվում են Երևանի բուժհաստատություններ: Գայանե Ավագյանն ասաց նաև, որ Երևանի ծննդաբերությունների 30 տոկոսը բաժին էր ընկնում 4 սահմանամերձ մարզերի՝ Արարատ, Արմավիր, Կոտայք, Արագածոտն. «Հեռավոր մարզերից ոչ մի հղի Երևան չէր դիմում: Նրանք բավարարվում էին իրենց տեղում ծննդաբերելով»: Մայիսի 1-ից, ըստ նրա, մարզերից եկող կանանց թիվը 30 տոկոսից դարձել է 20 տոկոս: ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը նշեց, որ նախարարությունը՝ ծննդօգնությունը տեղայնացնելով խնդիրը չի լուծում. «Պարտք կանեն, կգան Երևանում կունենան»,- ասաց նա: Պատգամավորը Գայանե Ավագյանին կոչ արեց այդ որոշման մշակման փոխարեն ուսումնասիրել, թե ի՞նչն է պատճառը, որ մայրերը չեն ցանկանում ծննդաբերել մարզերում և գալիս են Երևան: «Մենք պետք է կարողանանք այնպես անել, որ մարզային հիվանդանոցները դառնան մրցունակ և պայքարեն այդ մրցունակության համար»,- ասաց նա:
«Իրավունքի» այն հարցին,որ եթե չկա մարզերում մասնագետների պակաս,որն է հիմնական պատճառը,որ հղի կանայք նախընտրում են ծննդաբերել Երևանում,տիկին Ավագյանը պատասխանեց. «Կարծում եմ սա ավելի շատ հոգեբանական խնդիր է: Մարզերում մասնագետների պակաս չկա, ուղղակի ժամանակ է պետք որպեսզի հղիները իրենց վերաբերմունքը փոխեն մարզերի բժիկների նկատմամբ, այժմ մարզերում առկա բուժ հաստատությունները իրենց եւ մասնագիտական կազմով եւ մասնագիտական կազմով, եւ տեխնիկայով չեն զիջում Երեւանում առկա բուժ հաստատություններին>:
ԱՍՏՂԻԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ