ՌՈՒՍ ՔՆՆԻՉՆԵՐԸ ԿԶԲԱՂՎԵՆ ՀԱԿԱՊԵՏԱԿԱՆ ԲԼՈԳԵՐՆԵՐՈՎ
Նման է, որ մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանում շուտով անցյալի գիրկը կանցնեն այն ժամանակները, երբ համացանցի օգտագործումով ի կատար են ածվում դրսից ֆինանսավորվող անպատիժ տեղեկատվական-հոգեբանական օպերացիաներ: Մայիսի 20-ին ՌԴ քննչական կոմիտեն մրցույթ է հայտարարել` ստեղծելու համակարգչային ծրագրեր, որոնք կոմիտեին կօգնեն ինչ-որ չափով ավտոմատացնել բլոգոլորտի մոնիթորինգը: Մրցույթի պայմաններից մեկն այն էր, որ Ռուսաստանի եւ համաշխարհային սոցիալական ցանցերում որոշակի ուղղվածության գրառումներ եւ տրամադրություն ստեղծողների պարագայում ստուգել` արդյոք տվյալ բլոգերը սերտաճած կամ համակցված է որեւէ իրավաբանական անձի կամ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մասնավոր ձեռներեցի հետ: Համեմատությունը կատարվելու է համառուսաստանյան 8 միլիոն իրավաբանական անձանց եւ 6 միլիոն անհատ ձեռներեցների ցուցակների հետ: Եվ պարզ է, որ քննչական կոմիտեի ուշադրությունից դուրս չեն մնա այն կազմակերպությունները, որոնք պետության շահերին վնասող տեղեկատվական պատվերներ կկատարեն: Եթե հաշվի առնենք, որ Ռուսաստանում գործում է նաեւ օտարերկրյա գործակալ կազմակերպությունների պարտադիր պաշտոնական գրանցման մասին օրենքը, ապա պարզ է դառնում, որ համացանցի միջոցով Ռուսաստանի դեմ տեղեկատվական պատերազմ վարելու հնարավորությունները էապես պակասելու են: Ի դեպ, ռուսաստանաբնակ քաղտեխնոլոգ, մեր հայրենակից Վազգեն Ավագյանն իր հետազոտություններում հեռուստաեթերը եւ համացանցը խելագարության համահավասար տեղեկատվական հոսքերով մշտապես լցնելն անգամ համեմատում է ցեղասպանության տեխնոլոգիաների հետ:
Ինչեւէ, ռուսական իշխանություններն արդեն լրջորեն զբաղվում են տեղեկատվական համացանցային դիվերսանտներին հայտնաբերելու եւ օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու գործով, այն էլ` արդեն պաշտոնական մակարդակով: Սակայն մեր երկրի պարագայում, չգիտես ինչու, դեռեւս նույնիսկ մոնիթորինգ իրականացնող պետական կառույցներ չկան, եւ դեռ երկար ժամանակ համացանցն ու սոցիալական ցանցերը կմնան հակապետական, հակաբանակային, հակաբարոյական եւ այլ քայքայիչ քարոզչահոսքերի անվերահսկելի եւ անպատիժ միջավայր: Բայց արդյո±ք մեր տարածաշրջանի մարտահրավերների պայմաններում թույլատրելի է այդպիսի շռայլությունը:
Ա. ԱՐԱՄՅԱՆ