ՀՐԱԺԱՐՎԵՔ ԿԱՐՄԻՐ ՊՂՊԵՂԻ ՊԱՀԱԾՈՆԵՐԻՑ
Image may be NSFW.
Clik here to view.<<2012թ.-ին մինչ օրս հանրապետությունում արձանագրվել է բոտուլիզմի 16 դեպք`30 տուժածով եւ 4 մահվան ելքով>>: Այդ մասին այսօր ասաց ՀՀ առողջապահության նախարարության հակահամաճարակային տեսչության սնուցման բաժնի պետ ՄԱՐԳԱՐԻՏԱ ԲԱԲԱՅԱՆԸ: <<Համաճարակաբանական հետազոտության արդյունքում բոլոր այդ թունավորումները առաջացել են տնային պայմաններում պատրաստված պահածոներից: Վերջին հինգ դեպքը` կարմիր պղպեղի պահածոյից է արձանագրվել: Ունեցել ենք դեպքեր շուշանի պահածոյից, լոլիկի եւ վարունգի մարինադից: Ունեցել ենք նաեւ մահվան ելքով դեպք, որի պատճառը` պահածոյացված լեչոն է եղել>>: <<Իրավունք>>-ի հարցին, թե հնարավո՞ր է արդյոք թունավոր պահածոն տարբերել համի եւ հոտի միջոցով, մասնագետը բացասական պատասխան տվեց. <<Ասեմ, որ բոտուլիզմով ախտահարված թույնով պահածոյի ո՛չ համը, ո՛չ հոտը, ո՛չ տեսքը փոփոխության չի ենթարկվում>>: Թունավորման գաղտնի շրջանը, ըստ բանախոսի, կարող է 2 ժամից մինչեւ 12 օր տեւել. <<Եթե ունեք գլխացավ, գլխապտույտ, սրտխառնոց, փսխում, հնարավոր է տեսողության խանգարում, կոպերի անկում, ռնգախոսություն, կլման ակտի խանգարում, ապա մի փորձեք զբաղվել ինքնաբուժությամբ, անմիջապես դիմեք բժշկի>>,- զգուշացրեց Բաբայանը:
Վ.ՄՈՒՐԱԴՅԱՆ