ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՄԱՐՅԱՆԸ ԿՈՄՊՐՈՄԱՏՆԵՐ ՈՒՆԻ ՈՐՈՇ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԴԵՄ
Կոռուպցիայի հակազդման ասոցիացիայի նախագահ Ալեքսանդր Ամարյանը այսօր խոսելով
դատափաստաբանական մարմիններում առկա կոռուպցիայի մասին, ասաց. «Այսօր դատավորների մեծամասնությունը ունեն իրենց իրավաբանական գրասենյակները, որոնք իրենց հետ կատարում են գործարքներ: Եթե գործը վերաբերում է ինչ-որ մի դատավորի, «ճիշտ» քաղաքացին պիտի դիմի նրա փաստաբանին, որ ինքն այդ գործը շահի՝ անգամ եթե նա սխալ է:
Դա միջազգային տերմինով անվանում են «սև փաստաբան», մեզ մոտ դա հիմա շատ ուժեղ է դրված»:
Նա ասաց, որ փաստաբանները պրոցեսների ընթացքում հաճախակի շեշտում են, թե ո՞ր իրավաբանական գրասենյակում են աշխատում՝ հասկացնելու համար, թե ով է իրենց գլխավորը, տերը և դրանով առաջ են տանում իրենց գործերը, ստանում ցանկալի արդյունքները:
Այսօր՝ առայժմ պարոն Ամարյանը հրաժարվեց իրավաբանական գրասենյակների հետ «համագործակցող» դատավորների անուններ նշել, ասելով, որ որոշ պարզաբանելու բաներ կան և իր կազմակերպությունը մոտ մեկ ամսից բոլոր լրատվամիջոցներին կուղարկի պրես-ռելիզներ, որում կլինեն անվանական բացահայտումներ:
ՄԱՐԻՆԵ ԲԱՐՍԵՂՅԱՆ