ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՈՐԴԻՆ
Ինչպես եւ նշել էինք, երեկ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը բերման է ենթարկվել Գորիսի ոստիկանություն եւ այնտեղ պահվել մի քանի ժամ: Այնուհետ հարցաքննվելուց հետո բաց են թողել, իսկ այսօր արդեն վերջինս հրաժարականի դիմում է ներկայացրել: Հիշեցնենք, որ հունիսի 1-ին, ժամը 23.40-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Գորիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ Գետափնյա թաղամասից լսվել են կրակոցներ: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հունիսի 1-ին, երեկոյան, Դավիթ-Բեկի փողոցի թիվ 1 հասցեում գտնվող առանձնատան դիմացի հատվածում (Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ) տեղի ենունեցել կրակոցներ, ինչի արդյունքում 1970 թ. ծնված Ավետիք Բուդաղյանը ստացած հրազենային վնասվածքներից տեղում մահացել է, իսկ 1971 թ. ծնված Արտակ Բուդաղյանը և 1975 թ. ծնված Նիկոլայ Աբրահամյանը հրազենային վնասվածքներովտեղափոխվել են հիվանդանոց: Դեպքից հետո, քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են Գորիս քաղաքի բնակիչներ` Զարզանդ Արտաշեսի Նիկողոսյանը(Ս. Խաչատրյանի անվտանգության աշխատակիցը) և Տիգրան Սուրիկի Խաչատրյանը (մարզպետի որդին), ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի և 235-րդ հոդվածի 1-ին մասով հանցագործություններ կատարելու կասկածանքով 2013 թվականի հունիսի 2-ին եւ 3-ին:
ԱՐՄՆԵՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ