Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՊԱՐՀԻ ԼԱՎ ԸՆԿԵՐՆԵՐ ԵՆ

$
0
0

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՊԱՐՀԻ ԼԱՎ ԸՆԿԵՐՆԵՐ ԵՆ


Իսկական պարադոքս. ՀՀԿ խմբակցության կին պատգամավորներ Մարգարիտ Եսայանն ու Շուշան Պետրոսյանը մեկնել էին Վրաստան ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի եւ ԱԺ "Ժառանգություն" խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հետ: Վրաստան մեկնելու նպատակի եւ կին պատգամավորների փոխհարաբերությունների շուրջ, "Իրավունքը" զրուցեց ԱԺ պատգամավոր ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԻ հետ.- Մեկնել էինք մասնակցելու գերմանական մի հիմնադրամի կազմակերպած սեմինարին, որը նվիրված էր կանանց հիմնախնդիրներին: Սեմինարին մասնակցում էին Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի կին պատգամավորներ ու հասարակական կազմակերպությունների ղեկավար կանայք: Քննարկվում էր կանանց հիմնախնդիրները տարածաշրջանում, Հարավային Կովկասում եւ յուրաքանչյուր պետությունում առանձին վերցված:
- Հետաքրքիր է, ինչպիսի՞ հարաբերություններ են ձեւավորվում մեր կին պատգամավորների միջեւ ԱԺ-ից դուրս, որովհետեւ խորհրդարանի դահլիճում կոնֆլիկտներն անպակաս էին:
- Բարեկամական, ընկերական հարաբերություններ են ձեւավորվում: Յուրաքանչյուրն առանձին-առանձին իր մարդկային, կանացի հատկանիշներով շատ լավ կանայք են: Ի դեպ, սեմինարին մասնակցող երեք հանրապետությունների մեջ մենք ամենահամերաշխն էինք: Նույնիսկ ադրբեջանցիներն ու վրացիները մի քիչ նախանձով էին մեզ նայում, որովհետեւ կանանց հիմնախնդիրների վերաբերյալ գրեթե միանման տեսակետներ էինք արտահայտում, նաեւ առանձին զրույցներում էլ էինք համերաշխ: Կարծում եմ` շատ լավ տպավորություն թողեցինք: Այսպիսի մի ժողովրդական խոսք կա` "ճանապարհ գնալուց ես մարդուն ճանաչում": Սա այն դեպքն էր, երբ մեր կարծիքները միմյանց մասին չփոխվեց, մինչ այդ էլ Զարուհի Փոստանջյանը, Լյուդմիլա Սարգսյանը, Շուշան Պետրոսյանն ու ես շատ լավ հարաբերություններ ունեինք:
- Իսկ դա որեւէ ազդեցություն կունենա՞ քաղաքականության մեջ:
- Անշուշտ: Չի կարող չունենալ, որովհետեւ քաղաքականությունը երկնքից իջած ինչ-որ տարօրինակ եւ անսովոր բան չէ, այլ դրանով զբաղվում են անհատները: Եվ, եթե մարդկային հարաբերությունները նորմալ են, քաղաքական շփումները նույնպես նորմալ են լինում: Իհարկե, դա չի նշանակում, որ մեկի կամ մյուսի գաղափարական կամ քաղաքական հայացքների նկատմամբ որեւէ ոտնձգություն պետք է տեղի ունենա: Յուրաքանչյուրս մնում ենք մեր գաղափարական տեսակետին, այսինքն` քաղաքական եւ գաղափարական տարաձայնությունները էլի կան, բայց մարդկային հարթությունում շատ լավ, ջերմ եւ բարեկամական շփումներ են ձեւավորվել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles