«ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՃՈԽԱՑՎԱԾ Է ՈՒ ՈՒՌՃԱՑՎԱԾ»
ՄԻՊ-ի գրասենյակի Աբովյանի թիվ 1 կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող դպրոցում կատարված ուսումնասիրությունների համաձայն, վերոնշյալ դպրոցը, թեպետ նախատեսված է մտավոր հետամնաց երեխաների համար, սակայն աշակերտների 30 տոկոսը ի վիճակի է սովորել հանրակրթական դպրոցներում: Իսկ նույն դպրոցի 6-րդ դասարանի աշակերտները նույնիսկ տառաճանաչ չեն: Այս եւ այլ արձանագրված բացթողումների վերաբերյալ «Իրավունքը» զրուցեց ԿԳՆ հանրակրթության վարչության պետ ՆԱՐԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ հետ.
-Մենք տեղյակ ենք այդ հարցադրումներին: Բայց այնտեղ ոչ թե աշակերտների 30 տոկոսն է ի վիճակի սովորել հանրակրթական դպրոցներում, այլ ընդամենը վեցը, որոնք, այնուամենայնիվ, ուսումնառությունից ետ մնացած երեխաներ են: Նրանք ունեն վկայագրեր եւ ծնողի ցանկությամբ հատուկ դպրոց են հաճախում: Ընդ որում, նրանք հիմա առաջին կամ երկրորդ դասարան չեն, այլ արդեն մեծ են, իրենք եղել են սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներ, որոնք, այնուամենայնիվ, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեն եւ տեղավորվել են այդ դպրոցում: Մենք այսօր կրթական բարեփոխումներ ենք անում եւ Հանրակրթության մասին օրենքում կան փոփոխություններ, որը ի նպաստ է հատուկ կրթության բարեփոխմանը: Եվ առանձին նաեւ Աբովյանի թիվ 1 դպրոցի հետ կապված հարցեր ենք լուծելու` այնտեղ ստեղծելով ներառական կրթություն, որպեսզի այդ երեխաները իրենց ծնողների ցանկությամբ տեղափոխվեն հանրակրթական դպրոց, որը, սակայն ժամանակի հարց է: Ինչ վերաբերում է տվյալ դպրոցի սանհիգիենիկ վիճակին եւ այլն, պետք է նշեմ, որ մարզպետարանի ենթակայանության տակ գտնվող դպրոց է, եւ նրանք պարտավոր են այդ հարցերը կարգավորել:
- Ըստ Ձեզ, չափազանցված չէի՞ն ՄԻՊ-ի ուսումնասիրության արդյունքները:
- Կարծում եմ, որ ճոխացված էր ու ուռճացված, որովհետեւ այդ դպրոցում, ամեն դեպքում, սովորում են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներ: Ես անձամբ եղել եմ դպրոցում եւ տեսել եմ, թե ինչպիսի երեխաներ են սովորում:
Ի դեպ, ՙԻրավունքը՚ օբուդսմենի գրասենյակի հայտարարության վերաբերյալ դիմեց նաեւ Կոտայքի մարզպետարան, սակայն մեզ խոստացան հնարավորինս սեղմ ժամկետներում ուսումնասիրել խնդիրն ու գրավոր պատասխանել:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ