ԻՐԵՆՑ ՎՐԱ ՎԵՐՑՐԻՆ ՙԿՈՄՊԼԵՔՍԱՎՈՐՎԱԾ, ԳԵՂԱՑԻ,
ԱՆՀԱՄ ՈՒ ԱՆՄԱԿԱՐԴԱԿ՚ ՈՐԱԿՈՒՄՆԵՐԸ
Չէ, այս ՙՖեյսբուքը՚, իրոք, փորձանք է մարդկանց գլխին: Մեկի ընտանիքն է քայքայվում, մյուսն աշխատանքից է զրկվում...
Եվ այսպես, հերթը հասավ ՙՇանթ՚ հեռուստաընկերության մեկնաբան Արմեն Դուլյանին: Այն բանից հետո, երբ նա հիշատակել էր, որ Ռուսաստանում թույլ չէին տվել եթեր թողարկել Վլադիմիր Պուտինի ապահարզանին վերաբերող հումորային նյութերը, նա, մեկնաբանելով այդ իրողությունը, ֆեյսբուքյան իր էջում եզրակացրել էր. ՙԲայց ի¯նչ նման են ռուսաստանցի եւ հայաստանցի հեռուստապատասխանատուները իրենց պրիմիտիվության մակարդակով...՚: Հաջորդ օրը նրան տեղյակ են պահում, որ այլեւս չի աշխատում ՙՇանթում՚: Երբ այդ լուրը շրջեց ՙՖեյսբուքով՚ մեկ, արդեն ՙՇանթը՚ խնդրո առարկայի շուրջ հաղորդագրություն տարածեց, մասնավորապես. ՙհարկ ենք համարում հայտարարել, որ ՙՇանթ՚ հեռուստաընկերության համար ընդունելի չի կարող լինել մեկնաբան Արմեն Դուլյանի հետ հետագա համագործակցությունը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջինս անհարգալից վերաբերմունք է դրսեւորել հեռուստաընկերության հանդեպ: Սոցիալական ցանցում հայկական հեռուստատեսությունների պատասխանատուների հասցեին վիրավորական արտահայտություններն ու դրան հաջորդող ցինիկ, փողոցային լուտանքների հետ հրապարակավ համաձայնելը Դուլյանի հետ գործընկերային հարաբերությունները շարունակելու դաշտ չեն թողնում՚:
Ստացվում է, որ ՙՇանթի՚ ղեկավարները համարել են, որ հենց իրենք են իրենց վրա վերցրել ՙպրիմիտիվ մակարդակ՚ բառակապակցությունը: Ինչ վերաբերում է ՙցինիկ, փողոցային լուտանքների հետ հրապարակավ համաձայնելը՚, ապա Դուլյանի գրառման տակ մեկնաբանություն է եղել` ՙԿոմպլեքսավորված, գեղացի, ստրկամիտ, անհամ ու անմակարդակ շանորդիներ են՚, եւ Դուլյանը չի համաձայնել միայն ՙշանորդիներ՚ բառի հետ: Այսինքն` ստացվում է, որ այդ որակումների ամբողջ շարքը ՙՇանթի՚ ղեկավարները վերցրել են իրենց վրա±, թեեւ Դուլյանը պնդում է, որ հարազատ հեռուստաընկերությունը նկատի ունենալ չէր կարող: Դե ինչ, ինչպես ընդունված է ասել, դա արդեն մեր պրոբլեմը չէ:
Ա. Ա.