ՈՐՈՇ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՆԵՐ ՏԱՌԱՊՈՒՄ ԵՆ «ՀԵՐՈՍՏՐԱՏԻ» ՍԻՆԴՐՈՄՈՎ
Հանուն կայուն մարդկային զարգացման հ/կ-ի տնօրեն Կարինե Դանիելյանը այսօր պատասխանելով «Իրավունք»-ի հարցին, թե ինչն է այսօր առավել վտանգված Հայաստանում՝ էկոլոգիական առումով, ասաց.
« Ես միշտ ասում եմ աշխարհի կեսը երեևի տեսել եմ՝ Սյունիքի նման մարզ չեմ տեսել: Այդպիսի բնական հուշարձանները զուգակցվում են պատմամշակութային հուշարձանների հետ և մենք այդ ամբողջ Սյունիքը դրել ենք ընդերքի օգտագործման տակ և քանդում ենք Սյունիքը: Նաև Երևանը, երևանը քաղաքաշինության առումով վտանգված է, որովհետև գնալով աճում են բոլոր ռիսկերը՝ սխալ քաղաքաշինության արդյունքում: Կենտրոնի գերծանրաբեռնվածությունը, որը գնալով աճում է, բերում է և սեյսմիկ ռիսկերի մեծացման և օդի ախտոտվածության աճի: Տեսեք, կոլափսի մեջ են մեր փողոցները, մենք անընդհատ ասում էինք, որ այդ փողոցները հաշվարկված չեն այդքան մեքենաների համար, աշխարհի բոլոր քաղաքները փորձում են իրենց ծանրաբեռնվածությունը հանել կենտրոնից, մենք ամեն ինչ հակառակն ենք անում»:
Ինչ վերաբերվում է Հանրապետության հրապարակի հետ փոփոխություններ կատարելու մտահաղացմանը, ապա Կարինե Դանիելյանը կարծում է, որ որոշ ճարտարապետներ տառապում են Հերոստրատի սինդրոմով՝ այն Հերոստրատի, ով չքնաղ տաճարը այրեց, միայն թե հիշվի դարեդար.
«Հրապարակի շուրջ սկսեցին բարձրացնել շենքերը, ասում էինք՝ ի՞նչ եք անում, հրապարակի ամբողջ անսամբլը խախտում եք, ասում էին՝ կարևոր չի: Հիմա ասում են վա՜յ, այդ ինչ է ստացվել, եկեք հրապարակը բարձրացնենք, որ դրանք չերևան: Եվ այսպես քայլ առ քայլ, մի սխալով մյուս սխալն ենք փորձում ուղղել՝ անհնար է դա: Ես գտնում եմ, որ Երևանը խիստ վտանգված է»:
ՄԱՐԻՆԵ ԲԱՐՍԵՂՅԱՆ