ԳԱԶԻ ԳՆԻ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՈՒՄԸ ՃԻՇՏ ԵՐԵՎՈՒՅԹ ՉԷ՞
Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի կայուն էներգիայի ֆինանսական ծրագրերի ղեկավար Կարեն Արաբյանը այսօր կարծիք հայտնեց, որ վերջին տարիներին ամենահաջողված բարեփոխումները տեղի են ունեցել մեր էներգետիկ ոլորտում և կառավարությունը դրա համար անում է քայլեր.
«Հիշեք ինչ էր կատարվում 90-ականներին, հիմա մենք ունենք վերականգնվող էներգետիկայի ամենամեծ աճը»:
Կ.Արաբյանը նաև ասաց, որ.« Կառավարությունը պետք է էներգախնայողությունը խրախուսի, այս պահին խրախուսման մակարդակը զրո է, չնայած 2007թ.-ին էներգախնայողության ազգային ծրագիր մշակվեց, պոտենցյալը ամբողջությամբ հայտնաբերվեց: Անցած տարի առաջին քայլը եղավ՝ մշակվեց էներգախնայողության ազգային ծրագրի ներքո գործողությունների պլան, որով արդեն միջոցառումները նշված են, բայց ցավոք սրտի դա շատ դանդաղ է տեղի ունենում»:
Անդրադառնալով գազի սուբսիդավորմանը նա ասաց, որ դա շատ սխալ երևույթ է, այդ գումարը կարելի է ծախսել բնակարանները հատուկ նյութերով ջերմամեկուսացնելու համար, դա կնպաստի հետագա տարիներին էներգիայի խնայողությանը: Օրինակ բերելով իր սեփական բնակարանը պարոն Արաբյանն ասաց, որ որոշակի գումար է ծախսել և ջերմամեկուսացրել է այն: Այսօր 110 մ² տարածքի համար ձմռան ամենացուրտ ամսին վճարում է 18.000 դրամ ջեռուցման վարձ, իսկ իր հարևանը նույն ամսում սպառում է մոտ 77.000 դրամի էներգիա.« Որ ասում են թե էներգախնայողությունը թանկ հաճույք է, դա ճիշտ չէ»:
Վերջում նա ավելացրեց. «Էներգետիկ ընկերությունների, այդ թվում «Գազարդի» երազանքը գիտե՞ք ինչն է, որ մենք ամառն էլ գազ վառենք տունը տաքացնենք, հետո էլ օդորակիչ միացնենք՝ սառեցնենք, դա է իրենց նպատակը »:
ՄԱՐԻՆԵ ԲԱՐՍԵՂՅԱՆ