Քաղաքաշինության ոլորտում խախտումները խիստ կոռումպացված ռիսկային բնույթ ունեն
Հայաստանի քաղաքաշինության ոլորտի վերահսկողության ընթացքում արձանագրվել են բազմաբնույթ խախտումներ եւ թերություններ, որոնք ընդհանրական են եւ նույնությամբ կրկնվում են գրեթե բոլոր օբյեկտներում: Այդ մասին Ազգային Ժողովի ամբիոնից հայտարարել է Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը՝ ներկայացնելով 2012 թվականի տարեկան հաշվետվությունը:
Նրա խոսքով, այդ խախտումներից եւ թերություններից առավել հատկանշական են հետեւյալ երեւույթները`
-չկատարված աշխատանքների դիմաց վճարում
-անորակ աշխատանքներ
-գների արհեստական թանկացումներ
-շինարարական նախագծերը եւ՛ ձեւի, եւ՛ բովանդակության առումով կազմվում եւ կատարվում են սահմանված նորմերի պահանջների խախտումներով
-խախտումով կազմված նախագծին տրվում է փորձագիտական դրական եզրակացություն
-նախագծանախահաշվային փաստաթղթերը սահմանված կարգով չեն հաստատվում
-չեն պահպանվում պետական ստանդարտով սահմանված շինարարական գծագրերի մշակման միասնական կանոններն ու նորմերը
-շինարարության ընթացքում նախատեսված բարձրորակ նյութերի եւ ապրանքների փոխարեն փաստացի օգտագործվում են դրանց ցարծորակ տեսակները
-«ծածկված» աշխատանքների ակտերը կազմվել են թերի, սահմանված կարգի խախտումներով, ամբողջությամբ չեն նկարագրում շինարարական աշխատանքների կատարման տեխնոլոգիական փուլերը
-բացակայում են ավարտված շինարարության շահագործումն ընդունող հանձնաժողովի ակտերը
-անորակ վերանորոգված մի շարք ջրանցքներում շեպերն ունեն երկայնական ճաքեր, որոնք անհրաժեշտ է հրատապ լրացուցիչ կարգով հետազոտել եւ վերանորոգել
-տեխնիկական եւ հեղինակային հսկողությունն իրականացվում է թերի կամ որոշ դեպքերում ընդհանրապես սահմանված կարգով չի իրականացվում:
Ըստ ՎՊ նախագահի, «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկում ընտրանքային կարգով 8 օբյեկտում իրականացրած 986,090.0 հազ. դրամի հիմնանորոգման աշխատանքների ստուգման արդյունքում արձանագրվել է 47,158.2 հազ. դրամի անորակ եւ վերականգնման ենթակա գումարի չափով խախտում:
- Դատաիրավական ծրագրերի իրականացման գրասենյակի կողմից թվով 6 օբյեկտի կառուցման համար կատարողական ակտերով կապալառուներին վճարել է 3,523,744.7 հազ. դրամ, մինչդեռ նշված աշխատանքների համար ՀՀ կառավարության որոշումներով հաստատված պայմանագրերի արժեքը կազմում էր 3,299,919.9 հազ. դրամ: Փաստորեն առանց պայմանագրերի փոփոխության կապալառուներին պայմանագրային արժեքներից 223,824.8 հազ. դրամով ավելի է վճարվել:
-ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունում ընտրանքային կարգով ստուգված 4 օբյեկտում` 134,045.3 հազ. դրամ ընդհանուր գումարով կատարված հիմնանորոգման աշխատանքներում հայտնաբերվել է անորակ եւ վերականգնման ենթակա 8,625.8 հազ. դրամ գումարի չափով խախտում:
«Ընդհանուր առմամբ, շինարարության ոլորտում վերջին 5 տարիներին Վերահսկիչ պալատի կողմից կատարված ուսումնասիրության արդյունքները ցույց են տալիս, որ վերոգրյալ խախտումների հիմնական պատճառներից մեկը, ըստ ամենայնի, քաղաքաշինական փաստաթղթերի մշակման, փորձաքննության, հաստատման եւ փոփոխման գործընթացներում առկա ռիսկերի բարձր մակարդակն է: Այդ նպատակով, 2013 թվականին Վերահսկիչ պալատը տվյալ ուղղությամբ իրականացնելու է վերահսկողական համալիր միջոցառումներ»,- նշել է Զաքարյանը: