«ԻՍՐԱՅԵԼԻ ԿԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՅԼԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՎՐԱ ՄԻ´ ԾԻԾԱՂԻ, ԳԼԽԻԴ ԿԳԱ»
Այո, պարզվում է այս ժողովրդական իմաստախոսությունը քիչ փոփոխությամբ այսօր ավելի քան արդիական է, քանի որ ՀՀ ռազմաուսումնական հաստատություններում աղջիկներ ընդունելու որոշում է կայացվել: Այս մասին Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր ԱՐԿԱԴԻ ՏԵՐ-ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց. «Նորվեգիայում ու ԱՄՆ-ում տղամարդկանց պակասություն չկա, բայց այնտեղ ծառայում են աղջիկներ ու կանայք: Ժամանակակից ռազմական տեխնիկային առավել լավ տիրապետում է կինը, դրա համար էլ կնոջ դերը բանակում բոլոր երկրներում գնահատվում է դրական: Այդ փորձը մենք պետք է սովորենք»: Բերված օրինակների եւ աղջիկների ծառայության անցնելու բացասական կողմերի մասին «Իրավունքը» զրուցեց լեգենդար Կամանդոսի հետ:
-Պարոն Տեր-Թադեւոսյան, Ձեր խոսքում բերեցիք աղջիկների ծառայության անցնելու Նորվեգիայի եւ ԱՄՆ-ի օրինակը, բայց դրան հակառակ, Իսրայելում վերջերս անընդհատ կին զինծառայողների շրջանում խայտառակ ու այլանդակ սկանդալներ են տեղի ունենում: Արդյո՞ք երաշխիքներ կան, որ Հայաստանում նման խնդիրներ չեն առաջանա:
-Այո, Իսրայելի բանակի մասին չասացի: Մենք տարիներ շարունակ Իսրայելի բանակի դրական կողմերն ենք տեսել, բայց բացասական կողմեր եւս կան, որոնք հենց իրենք են բացահայտել: Այդ բացահայտումներով իրենք են աղմուկ բարձրացրել, թե այդպիսի դեպքեր են պատահում Իսրայելի բանակում: Ընդհանրապես, իսրայելական, գերմանական բանակներում հարցեր են բարձրացվում, որոնք, ճիշտ է, շուտ լուծում չեն ստանում, բայց ստանում են: Իրենք մեխանիզմներ ունեն, որոնցով այդ հարցերը լուծվում են: Եվ ծագած խնդիրները լուծելուց հետո, էլի այդ բանակը կմնա բանակ, աղջիկներն էլ կշարունակեն ծառայել:
- Ռազմաուսումնական հաստատություններում եւ բանակում աղջիկների եւ կանանց ներառումը արդյո՞ք չի նպաստի նրան, որ այսօր գենդերային հավասարություն բղավող կանայք, որոնք փողոցներն ընկած եվրոպական մտածելակերպ են տարածում, առավել կակտիվանան մեր հասարակության մեջ:
- Գիտեք ինչ: Ես չեմ կարող հասկանալ այդ գենդերային հավասարությունը: Եվրոպան պայքարում է, որ լինի հավասարություն, բայց, ես մի բան գիտեմ, որ եթե մարդ ծնվում է այդպիսին, դա իր մեղավորությունը չէ, այլ բնությունն է իրեն այդպիսին ստեղծել:
-Դուք կո՞ղմ եք կին-տղամարդ հավասարությանը:
- Տղամարդիկ ասում են, որ իրենք առավել են, բայց , տեսնում ենք, թե տղամարդիկ ինչքան են չարչարվում եւ որքան առավել կանայք: Առաջ տղամարդիկ աշխատում էին եւ կնոջն ու երեխային պահում, իսկ այսօր Եվրոպայում կինը երեխային էլ է պահում, տղամարդուն էլ:
Ինչեւէ, այնուամենայնիվ, սարսափելի է մտածել, թե հայկական բանակը կանանց համալրումով ինչպիսին կլինի: Չէ՞ որ ծագած վեճերի մեջ կանայք առավել դաժան են, հիշաչար ու անկանխատեսելի:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ