Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԿԴԱՌՆԱՐ 80-ՏԱՐԵԿԱՆ

$
0
0

ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԿԴԱՌՆԱՐ 80-ՏԱՐԵԿԱՆ

«Վարդգես Պետրոսյանն իր կյանքի տարիներով և՛ փառքի պսակը ճաշակեց, և՛ անդունդի եզրին հայտնվեց. հեշտ ու հաշտ չապրեց նա, հիացավ ու հուսաթափվեց, ոգևորվեց ու  կասկածեց, եղավ շռայլ ու մեծահոգի, երբեմն նաև՝ կողմնակալ՝ միշտ շարունակելով սիրահարված մնալ կյանքին… Նրա ապրած ու չապրած տարիների խորհուրդը նույնն էր, արժեքներն անփոփոխ՝ հայրենիք և ժողովուրդ….

Իր հախուռն ու պայծառ կերպարով, իր ողջ ստեղծագործական պաշարով Վարդգես Պետրոսյանը մերժում է մեր հանրության մեջ փարթամորեն բույն դրած անտարբերությունը, խեղճությունը, հարմարվողականությունը, երախտամոռությոնը... Բայց նա երջանիկ էր, երջանիկ այնքանով, որ տեսավ իր երազանքի իրականացումը ՝ ազատ, անկախ և ինքնիշխան պետականություն, և 1996-ը համարեց հայոց պատմության առասպելի կատարում, նա դարձավ իր նոր հայրենիքի ճշմարիտ տարեգիրը:

Շուրջ 20 տարի է, ինչ նա չկա. եթե ողջ լիներ կծնվեր հերթական շռնդալից մտավոր խոստովանությունը: Այժմ՝ 80  տարի անց, մենք վստահորեն կարող ենք  ասել, որ Վարդգես Պետրոսյանը  մի ամբողջ գրական, հասարարական մշակույթ պարգևեց մեր ժողովրդին, երիտասարդությանը, նորին ու նորարարությանը:

Այսօրվա մեր երեկոն էլ թող լինի տաղանդավոր երիտասարդների հարգանքի ու խոնարհումի տուրքը մեծանուն գրողին և նվիրյալին»:

Գրողների միության նախագահ ԼԵՎՈՆ ԱՆԱՆՅԱՆԻ ողջույնի այս խոսքով երեկ Գ. Սունդուկյանի անվան Ազգային ակադեմիական թատրոնում հոբելյանական հանդիսությամբ նշվեց հայ մեծանուն գրող, ժուռնալիստ, թատերագիր, հրապարակախոս, հրապարակագիր, ազգանվեր գործիչ ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ծննդյան 80-ամյակը: Այնուհետև կենսագրական պոետիկ էքսկուրսով հանդիսատեսը «շրջագայեց» Վարդգես Պետրոսյանի օրերով, նրա «Ապրած ու չապրած տարիներ»-ով, «Հայկական էսքիզներ»-ով, «Գարուն»-ով, «Մենավոր ընկուզենի»-ով…

«Իրավունքի» մեջբերմամբ նաև պատառիկներ պետրոսյանական էջերից…

  • Փակեց աչքերը: Բայց մի՞թե մարդ աչքերով է քնում: Ուզում ես անգամ կարիր կոպերդ, մեկ է, երբ միտքն արթուն է, չի օգնի…
  • Ամեն բանի ինչ-որ հավելում կա: Բոլոր բառերն առանձին վերցրած կորցրել են իրենց իմաստը: Ածական է հարկավոր: Մեկի մասին ասում են՝ լավ մարդ: Կարծես թե քիչ է մարդը: Բարի մարդ է: Կարծես թե քիչ է մարդը:
  • Մեքենայում, փողոցում, աշխարհում մութ չէր: Երբեք մութ չի լինում: Մութը հորինում են մարդիկ: Մարդիկ՝ իրենց թուլությունը, հանցանքը, հայացքը, հազար ու մի բան թաքցնելու համար…
  • Խմել և քնել՝ երկուսն էլ փախուստ են կյանքից. երկրոդը ավելի էժան  նստում՝ դա է տարբերությունը:
  • Իմաստնության դասերը սովորում են «Տառապանք» կոչվող դպրոցում…
  • Մարդու հասակը տարիների գումարը չէ միայն, այլ հայացք՝ աշխարհին, մարդուն, պատրաստակամություն՝ ամեն ինչ մերժելու, կամ ամեն ինչ ընդունելու:
  • Մենք շատ-շատ սպասում ենք, որ մարդը խոսի-վերջացնի, չգիտենք, որ կա նաև լռել-վերջացնել, որ հաճախ ավելի է հարկավոր մարդուն:
  • Խոսել մարդիկ սովորում են 1-2 տարում, մնացած տարիներին փորձում են լռել սովորել. կարգին մարդկանց չի հաջողվում:
  • Ամեն մարդ իր ժողովրդի տարիքն է:
  • Միայն դագաղն է մարդուն  տալիս հասակի վերջին ու ճշգրիտ չափը:
  • Մարդն ինքն էլ չգիտի, թե իր մեջ քանի մարդ է քնած և երբ կարթնանան…
  • Լավ բժիշկը հիվանդի հետ չի խոսում հիվանդությունից:
  • Որևէ հայ և թուրք երբեք չեն կարող միայն երկուսով լինել. նրանց արանքում միշտ պիտի գա, նստի երրորդը՝ պատմությունը:
  • Սուտ է, աշխարհում ոչ մեկից ու ոչ մի բանից հետք չի մնում. ոչ ավազի վրա, ոչ ուրիշների հիշողության մեջ, ոչ ժամանակի ծալքերում: Մարդուն մնում են միայն ապրած և չապրած տարիները…

70-ական թվականների կեսերին  Հայաստանի գրողների միության պատվիրակությունը նախագահ Վարդգես Պետրոսյանի գլխավորությամբ այցելեց Ստեփանակերտ: Հյուրանոցի մի առանձնասենյակում Կևորկովն ու Վ. Պետրոսյանը շատ երկար զրուցեցին:

- Առաջին հերթին Ստեփանակերտին, որպես մարզի կենտրոնի, պետք է տալ հայկական ոգի և շունչ: Քաղաքում հայկական անունով ոչինչ չկա:

Կարժ ժամանակ անց քաղաքի կենտրոնական փողոցն անվանվեց Լենինի, իսկ մնացած բոլոր փողոցները, դպրոցները՝ հայկական անուններով, տեղադրեցին Հակոբ Հակոբյանի, Մուրացանի, Վահրամ Փափազյանի հուշարձանները, տեղադրեցին հայկական քանդակներ…

Այսպիսի հիշատակ թողեց նաև արցախցիների ջերմ բարեկամ, սիրված գրող ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ:

ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles