Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ԼԵԶՎԻ ՍԱՅԹԱՔՈՒՄ, ԼՂՀ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԻ ԽՈՐՏԱԿՈՒՄ

$
0
0

ԼԵԶՎԻ ՍԱՅԹԱՔՈՒՄ, ԼՂՀ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԻ ԽՈՐՏԱԿՈՒՄ

Սոցցանցերում բղավում են այն մասին, որ Արցախի արտգործնախարար Կարեն Միրզոյանը աշխարհահռչակ france24.com-ին տված հարցազրույցի ժամանակ նշել է, թե հնարավոր է Արցախը լինի Ադրբեջանի կազմում: Թե արդյո՞ք պաշտոնական Ստեփանակերտը բացատրություն չի պահանջել Կ.Միրզոյանից նման հայտարարության համար, «Իրավունքը» հետաքրքվեց ԼՂՀ նախագահի մամուլի պատասխանատու ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԻՑ.
-Մինչ հարցին անդրադառնալն ուզում եմ նշել, որ դրական եմ համարում հասարակության արձագանքը ցանկացած նման խնդրի վերաբերյալ, երբ իրենց պատկերացումն են կազմում, երբեմն էլ վրդովմունքը: Սա ցույց է տալիս, որ հասարակության իմունային համակարգն աշխատում է եւ աշխատում է նորալ ձեւով: Ինչ վերաբերում է բուն հայտարարությանը, նախ նշեմ, որ անձնապես ճանաչում եմ Կ.Միրզոյանին եւ կարող եմ վստահաբար ասել, որ նա այդպես չի մտածում եւ չի կարող այդպես մտածել: Եթե նա այդպես մտածեր, ուրեմն` իրավունք չուներ նույնիսկ մեր շարքերում լինել, դա բոլորի համար պարզ է: Խնդիրն այն է, որ նա ցանկացել է պատասխանել այլ հարցի, ինչը պայմանավորված է եղել երկու հանգամանքով. նախեւառաջ, երեւի թե, եղել է գերլարվածություն, քանի որ Կ.Միրզոյանի միջազգային մասշտաբով կարեւոր, առաջին այդպիսի լուրջ հարցազրույցն էր, այն էլ հենց «france 24» աշխարհահռչակ հեռուստաընկերությունում: Եվ բացի այդ, անգլերենի հետ կապված ինչ-որ խնդիր է եղել: Նա ցանկացել է պատասխանել ոչ թե այն հարցին, որ ակնկալո՞ւմ եք, որ Ադրբեջանի կազմում կլինի ԼՂՀ-ն, այլ այն հարցին, թե Ադրբեջանի հետ հարաբերությունները կկարգավորվեն, թե ոչ:
-Բայց մի՞թե արտգործնախարարը նման կերպ սխալվելու իրավունք ուներ, եւ այս ամենը չի՞ բերի նրան, որ նա պաշտոնանկ կարվի:
- Իհարկե, պետք է այս ամենից հետեւություններ անել, բայց պետք է ճշմարտությունը հաշվի առնենք, որովհետեւ ե°ւ Արցախի նախագահը, ե°ւ պաշտոնական Ստեփանակերտը, այդ թվում նաեւ հազար անգամ ես, բազմիցս հայտարարել ենք մեր դիրքորոշումը եւ տեսլականը մեր ապագայի մասին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին:
- Իսկ այս դեպքում կկարողանա՞նք աշխարհին ապացուցել, որ ընդամենը լեզվի սայթաքում է եղել, եւ ԼՂՀ արտգործնախարարն այդպես չի մտածում:
- Ապացուցելու բան չունենք, որովհետեւ մենք մեր կյանքով եւ աշխատանքով ենք ապացուցում: Երեկ նախագահն այցելել է հարավ-արեւելյան շրջաններ, որակել այն որպես կարեւորագույն շրջան, որը կարող է դառնալ ամբողջ Արցախի համար զարգացման կարեւոր հիմք, վերջապես «Հեռուստամարաթոն-2013»-ի միջոցով Վարդենիս-Մարտակերտ ճանապարհն ենք կառուցում, իսկ Դուք ասում եք աշխարհին ապացուցել, էլ ո՞նց ապացուցենք:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles