Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՌԱԶՄԱԿԱՆԱՑՈՒՄԸ ՄԵԾԱՑՆՈՒՄ Է ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՐՍԿՍՄԱՆ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

$
0
0

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՌԱԶՄԱԿԱՆԱՑՈՒՄԸ ՄԵԾԱՑՆՈՒՄ Է ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՐՍԿՍՄԱՆ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ


Օրերս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարները հանդես են եկել ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ համատեղ հայտարարությամբ: Սովորաբար, համանախագահների նման հայտարարությունները հերթական են ու ոչինչ չասող: Թե, այնուամենայնիվ, գոնե այս անգամ ինչ-որ կարեւոր հարցի բարձրացմամբ կամ լուծմամբ առանձնացա՞վ հրապարակված հայտարարությունը, "Իրավունքը" պարզեց քաղաքական փորձագետ ՏԻԳՐԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՑ.
- Այս հայտարարությունը շատ կարեւոր է այն առումով, որ իր մեջ միանգամից մի քանի կարեւոր մեսիջներ էր պարունակում: Նախ ֆիքսվում է, որ միջնորդների կողմից ներկայացվող սկզբունքներն ու տարրերը մեկ ամբողջություն են, եւ ցանկացած փորձ` նախապատվությունը տալ դրանցից մեկին, անտեսելով մնացածը, կբացառի հավասարակշռված լուծում գտնելու հնարավորությունը: Ինչպես հայտնի է, Ադրբեջանը գործելաոճի մեջ է մտնում բանակցությունների սեղանին գտնվող առաջարկների փաթեթից առանձին դրույթների դուրսբերումը եւ բացառապես դրանց վրա հղումներն ու վերլուծությունները: Մասնավորապես, որպես կանոն, Ադրբեջանի քաղաքական եւ ռազմական էլիտան իր հայտարարություններում հղում է կատարում միայն տարածքային ամբողջականության սկզբունքին եւ զորքերի դուրսբերման էլեմենտին, ինչը խեղաթյուրում է բանակցային գոծընթացի ողջ էությունը: Երկրորդ, հաշվի առնելով Ադրբեջանի կողմից իրականացվող ապակառուցողական քայլերը, սպառազինության մեծաքանակ ձեռքբերումը, բանակցությունները փակուղի տանող գործողությունները, վերոնշյալ հայտարարությամբ, միջնորդները ոչ միայն Ադրբեջանին զսպվածության մեսիջներ են հղել, այլ հիշեցրել, որ մեկ անգամ նա արդեն փորձել է խնդիրը ռազմական ճանապարհով լուծել, սակայն ո՛չ նախորդ անգամ, ո՛չ էլ հնարավոր պատերազմի դեպքում, այն Ադրբեջանին հաջողություն չի բերի: Ավելին, միջնորդները եւս մեկ անգամ կոչ են անում կողմերին մեկ անգամ եւս հաստատել իրենց հավատարմությունը հելսինկյան սկզբունքներին, մասնավորապես ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման իրավունքի վերաբերյալ: Երրորդ, միջնորդներն անդրադարձել են ժողովուրդներին խաղաղության պատրաստելու կարեւորության մասին, քանզի անզեն աչքով էլ նկատելի է, որ Ադրբեջանում հայատյացություն եւ ատելություն սերմանելով` անհնար է ոչ միայն կողմերի միջեւ վստահություն ստեղծել, այլ ժողովուրդներին պատրաստել խաղաղության: Չորրորդ, հայտարարության մեջ նշվում է, որ բանակցությունների ճանապարհով կարգավորումը կարող է բերել խաղաղության, կայունության եւ հաշտեցման` ճանապարհ բացելով տարածաշրջանային զարգացման եւ համագործակցության համար: Հայտարարության այս հատվածը, կարծես թե, յուրօրինակ պատասխան է նաեւ Ադրբեջանի կողմից վերջերս հնչած "առաջարկին", երբ վերջիններս "պատրաստակամություն էին հայտնում" գազ վաճառել Հայաստանին: Փաստաթղթում շեշտվում է, որ միայն խաղաղությունը, կայունությունն ու հաշտեցումը կարող են ճանապարհ բացել տարածաշրջանի երկրների համագործակցության համար: Սրանով միջնորդները նաեւ հասկացնում են, որ խորապես գիտակցում են Ադրբեջանի "նախաձեռնության" ողջ էությունը` ընդգծելով, թե քանի հակամարտությունը խաղաղ ճանապարհով չի կարգավորվել, այդ առաջարկությունն անիրատեսական է:

- Վերոնշյալ հայտարարության մեջ կա՞ն կետեր, որոնք մեր շահերի համար վտանգավոր են:
- Համանախագահ երկրների ղեկավարների կողմից տարածված հայտարարությունը հայկական կողմի համար բավականին հաջող էր: Եթե ընդհանուր գծերով փորձենք վերլուծել այս հայտարարությունը, ապա ակնհայտ կդառնա, որ դրանում Հայաստանի համար վտանգավոր կետեր առանձնապես արտացոլված չեն: Միակ հանգամանքը, որը կառանձնացնեի, դա հայտարարության մեջ մատնաշվող խնդիրների ընդհանրական ձևակերպումներն են: Հասկանալի է, որ նման դեպքերում միջազգային հանրությունը փորձում է ընդհանուր հավասարակշռությունը պահանել, սակայն Ադրբեջանի կողմից, հետեւողականորեն, խնդիրը դեպի փակուղի տանող քաղաքականության առկայությունը պետք է դրդեր միջնորդներին, իրերը կոչել իրենց անուններով:

- Հայտարարությունից հետո ի՞նչ կարող ենք ակնկալել ադրբեջանական կողմից, հատկապես սահմանում իրավիճակն ինչպիսի՞ն կլինի:
- Սահմանում կամ շփման գծում հնարավոր կլինի խոսել իրավիճակի դրական փոփոխության մասին այն դեպքում, երբ Ադրբեջանը իր համաձայնությունը տա առաջնային գծից դիպուկահարների դուրս բերմանն ու շփման գծում տեղի ունեցող միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրմանը: Այս երկու քայլերը մեծապես կթուլացնեն լարվածությունը եւ նվազագույնի կհասցնեն էսկալացիայի հավանականությունը: Այս հայտարարությունը որոշակի առումով ճնշում էր Ադրբեջանի նկատմամբ, սակայն կարծում եմ` միջնորդները սրանով չպետք է սահմանափակեն ու իրավիճակը լիցքաթափելուն ուղղված առավել առարկայական միջոցների դիմեն, քանզի տարածաշրջանի ռազմականացումն ինքնին մեծացնում է պատերազմի վերսկսման հավանականությունը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles