ՀՀ ԱԳՆ-Ն ԲԱՐԻ ՓԵՐՈՒ ԿԵՐՊԱՐԱՆՔ ԸՆԴՈՒՆԱԾ`
ՉԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Օրերս ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցավ ՙԻրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները և իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում՚ թեմայով համաեվրոպական խորհրդաժողով: Մոլդովայի խորհրդարանական փաստաբան Աուրելիա Գրիգորիուի ՙՄարդու իրավունքների պահպանումը և պաշտպանությունը ՙսառեցված հակամարտությունների՚ տարածքում՚ թեմայով սադրիչ զեկույցից հետո կրքերը թեժացան: Ծախու օմբուդսմենը սեփական ելույթի ժամանակ Հայաստանին անվանեց ագրեսոր երկիր: Վերջինս բարբաջում էր, թե իբր Հայաստանը գրավել է Ադրբեջանի տարածքների 20 տոկոսը` ադրբեջանցիների նկատմամբ իրականացնելով ցեղասպանություն, եւ թե Խոջալուի դեպքերն էլ իրականացրել են հենց հայեր, ինչն, իբր, այլեւս միջազգայնորեն ճանաչված փաստ է:
Նկատենք, որ այդ ելույթը քննադատության արժանացավ նաեւ ամբողջովին եվրոպամետ մտածելակերպ ունեցող, համասեռամոլներին մշտապես թեւութիկունք կանգնող ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի կողմից: Վերջինս նշել էր, որ օմբուդսմենի պահվածքն ընդհանրապես չի համապատասխանում Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի սկզբունքներին: Ի դեպ, Կ. Անդրեասյանը պատրաստվում է առաջիկա աշխատանքային օրերին բողոքի նոտա հղել օմբուդսմենների միջազգային կառույցներին, ինչպես նաև մարդու իրավունքներով զբաղվող միջազգային այլ կառույցներին` բարձրաձայնելով ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպը: Մինչ քաղաքական ու իրավական դաշտի ներկայացուցիչները հետամուտ էին տվյալ հարցի քննարկմանն ու արձագանքմանը, սեփական պարտականությունները կատարած տիկինը իր հանգիստն էր անցկացնում ՙAni Plaza՚ հյուրանոցային համալիրում: Ի դեպ, հետեւելով Ա. Գրիգորիուի առօրյային ու պահվածքին` պարզ երեւում է, որ վերջինս, ինչպես ինքն էր նշում, բավական լավ էր իրեն զգում, ոչ միայն հանգիստ ներսուդուրս էր անում` շփվելով եվրոպացի ու վրացի ընկերների հետ, ու նաեւ հաճույքով վայելում էր հայկական ծիրանը: Հետաքրքիր է, թե ինչու է այս ամենից ձեռնպահ մնում ՀՀ արտգործնախարարությունը, եւ ինչու 24 ժամվա ընթացքում մեր իսկ երկրի տարածքում թշնամական քարոզչություն իրականցնող մարդը չի վտարվել հանրապետությունից: Դա փորձեցինք ճշտել ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ ՏԻԳՐԱՆ ԲԱԼԱՅԱՆԻՑ, սակայն վերջինս հրաժարվեց որեւէ մեկնաբանություն անել. ՙՄոլդովայի օմբուդսմենի վերաբերյալ ոչ մի մեկնաբանություն՚:
Նկատենք, որ եթե հարեւան ցեղասպան երկրում նման մեղադրանքներով հանդես գար որեւէ մի փաստաբան, ապա ոչ միայն թեւից կբռնեին ու դուրս կշպրտեին երկրից, այլ նաեւ… կտային: Ինչեւէ, սա դաս կլինի պատկան մարմիններին, որ հետեւողական լինեն սեփական երկիր ոտք դնողների հանդեպ, չէ որ ամենատարրական կերպով facebook-յան էջին հետեւելով` միայն կարելի էր ենթադրել, որ Մոլդովայի խորհրդարանական փաստաբան Աուրելիա Գրիգորիուն ՙզըռ՚ ադրբեջանամոլ է:
ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ