ԵՎՍ ՄԵԿ ՓԱՍՏ, ՈՐ ՀԱՅԵՐԸ ՉԱՓԻՑ ԴՈՒՐՍ ՀԱՆԴՈՒՐԺՈՂ ԵՆ
Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը այսօր խոսելով Մոլդովայի փաստաբան Աուրելիա Գրիգորիի՝ Հայաստանի ԱԺ-ում ունեցած ելույթի մասին ասաց.
«Եթե միամիտ լինեինք, կասեինք, որ ինքը համոզված է իր ասածի մեջ, բայց եթե մի քիչ իրատես լինենք, կասենք, որ լավ կաշառել են իրեն: Բայց դա ինչ-որ տեղ նաև ցույց է տալիս, որ ինքը կամ ուրիշ մեկը նման բան եթե Հայաստանում կարող է ասել՝ հակառակ իմաստով Ադրբեջանում չէ՛ր իսկ համարձակվի ասել: Դրա համար կարևոր է, որ առնվազն այն շրջանակը, ովքեր մասնակցում էին այդ հնդիպմանը մեր խորհրդարանում, կամ ընդհանրապես այդ միջոցառումներին տեսնեն տարբերությունը, որ կա Հայաստնի և Ադրբեջանի միջև նմա հարցերում: Չենք ասում, որ Հայաստանը դրախտ է և ամեն ինչ սքանչելի է, բայց այս հարցերում, նման հարցերում պարզ է, որ տարբերությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև մեծ է և երևի ինչ-որ տեղ պետք է շնորհակալ լինենք այդ կնոջից, որ ինքը ևս փաստեց, որ Հայաստանում կարող է համարձակվի նման բան ասի, բայց ոչ ոք չի համարձակվի Ադրբեջանում նման բան անել»:
Պատասխանելով «Իրավունք»-ի հարցին այն մասին, արդյոք մենք չափից շատ հանդուրժող չե՞նք, որ մեր ԱԺ-ում համարձակություն ունեն նման սուտ հնչեցնել, իսկ Ադրբեջանում չէին համարձակվի. Կիրո Մանոյանը ասաց.
« Դե ի՞նչ անեինք, ծեծեի՞նք: Ճիշտ է հաճելի չէ, բայց ինչ որ տեղ խոսքի ազատությունը նաև դա է նշանակում, որ երբեմն ոչ հաճելի բաներ պիտի լսենք: Պահվածքի իմաստով, որ կոռեկտ չէր, դա արդեն հենց մոլդովացիները՝ իր գործընկերներն են ասում դրա մասին: Դրա համար ես ասում եմ այս պատահարը պետք է ճիշտ գնահատենք, ճիշտ գործածենք ՝ շեշտելու համար, որ նախ ինքը բավական լավ կաշառվել է և երկրորդ՝ վստահ եմ, ինքը կամ ուրիշ որևէ մեկը նման բան չէր համարձակվի անել Ադրբեջանում: Սա անշուշտ մեզ հանգստություն չի տալիս, բայց ասում է այն մասին, որ աշխատանք ունենք անելու»:
Մարինե Բարսեղյան