ՀՅԴ-Ի ՄՈԼԴՈՎԱԿԱՆ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆ Է
ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը հայտարարել է, թե Մոլդովայի օմբուդսմեն Աուրելիա Գրիգորիուն ընդամենը փաստեց Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկա անդունդը: Հիշեցնենք, որ վերոնշյալ` ազերիներին ծախված, վայ-օմբուդսմենը ՀՀ ԱԺ-ում իր ելույթի ժամանակ վարկաբեկել էր հայությանն ու մեղադրանքներ հնչեցրել: Այսքանից հետո, առնվազն տարօրինակ է դաշնակցականների պարագայում նման, եթե չասենք բարյացակամ, գոնե ոչ քննադատող վերաբերմունքը: Թե արդյոք նման հայտարարությունը հակադաշնակցական կեցվածք չէ Կ.Մանոյանի կողմից, ՙԻրավունքը՚ փորձեց պարզել ՀՅԴ խմբակցության պատգամավորներից` Արմեն Ռուստամյանից, Վահան Հովհաննիսյանից... Սակայն, կարծես, ամռան տապը կամ կուսակից ընկերոջ հակադաշնակցական հայտարարությունը ստիպել էր նրանց ընդհատակ անցնել: Ի դեպ, որեւէ տեղ եւ որեւէ կերպ, ՀՅԴ դիրքորոշումը` կապված մոլդովական խայտառակության հետ, չի հնչել:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ