ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՉՃԱՆԱՉՈՒՄՆ ՈՒ ԺԽՏՈՒՄԸ ՃԱՆԱՊԱՐՀ ՀԱՐԹԵՑԻՆ
ՆԱՑԻԶՄԻ ԵՎ ՖԱՇԻԶՄԻ ՀԱՄԱՐ
Ինչպես տեղեկացնում է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աշխատակազմը` ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ երեկ Մինսկում հանդիպում է ունեցել Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալ ՎԻԿՏՈՐ ԳՈՒՄԻՆՍԿԻԻ հետ:
Երկուստեք գոհունակությամբ է արձանագրվել, որ Հայաստանը եւ Բելառուսը ռազմավարական գործընկերներ են, եւ երկկողմ հարաբերությունների հիմքում ընկած են բարեկամական սերտ կապերն ու փոխվստահությունը:
Էդուարդ Շարմազանովը Վիկտոր Գումինսկիի հետ զրույցում անդրադարձել է միջխորհրդարանական երկխոսության զարգացման անհրաժեշտությանը, ինչին, նրա համոզմամբ, նպաստում են նաեւ բարձր մակարդակի փոխայցերը եւ միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքները:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ երկու երկրների խորհրդարանների պատվիրակությունների փոխգործակցությանը` թե° ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի եւ թե° ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում:
ԱԺ փոխնախագահը Վիկտոր Գումինսկիին տեղեկացրել է, որ ողջ առաջադեմ մարդկությունը 2015-ին կնշի 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրության տարածքում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: ՙՀայոց ցեղասպանության չճանաչումն ու ժխտումը ճանապարհ հարթեցին նացիզմի եւ ֆաշիզմի համար՚,- նշել է Էդուարդ Շարմազանովը` հույս հայտնելով, որ Բելառուսի խորհրդարանը եւս կանդրադառնա Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին:
↧
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՉՃԱՆԱՉՈՒՄՆ ՈՒ ԺԽՏՈՒՄԸ ՃԱՆԱՊԱՐՀ ՀԱՐԹԵՑԻՆ ՆԱՑԻԶՄԻ ԵՎ ՖԱՇԻԶՄԻ ՀԱՄԱՐ
↧