ԱՅԼ ԵՐԿՐԻ ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔԻՆ ԽԱՌՆՎԵԼԸ ԿՈՌԵԿՏ ՉԷ
ՙՈսկե Ծիրան՚ 10-րդ հոբելյանական փառատոնին հայ հասարակությունը սպասում էր մեծ ոգեւորությամբ, սակայն արի ու տես, որ այս անգամ եւս հայ հանդիսատեսը ստիպված էր հիասթափություն ապրել: Փառատոնի շրջանակներում մի շարք բազմաբովանդակ ֆիլմերի կողքին տեղ էին գտել ու ցուցադրվել տրանսվիստիտների մասին ՙԵրկու հոգու միջեւ՚ ֆիլմը, ինչպես նաեւ ադրբեջանական ՙԴագաղագործ ճոճողը՚ այսպես կոչված ֆիլմը: Հայաստանում նմանօրինակ ֆիլմերի էկրանավորման վերաբերյալ մեկնաբանություն ստացանք ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՀԱԿՅԱՆԻՑ. ՙՄիգուցե այս պարագայում իմ անձնական տեսակետը հայտնեմ: Ժամանակին էլ Գեորգի Վանյանն էր ադրբեջանական ֆիլմեր փորձում ցուցադրել, ես նման բաներին դեմ եմ, որովհետեւ նույն Ադրբեջանը իր դասագրքերում ամենադաժան, ամենաչար, ամենաանմարդկային կերպարը մարմնավորում է հայ տեսակով: Այս թեմայի վերաբերյալ բազմաթիվ օրինակներ կան, որոնցից շատերը նշված են հենց իրենց կենսաբանության առարկայի գրքում: Ես դեմ եմ, որ տվյալ երկրի, պետության ֆիլմերը մեր երկրում ցուցադրվեն: Միգուցե, հայ մշակութային գործիչները այլ կերպ ու ավելի լավ են ընկալում այդ ամենը, բայց ես` որպես հայ մարդ, ով չի մոռացել Գուրգեն Մարգարյանի կացնահարությունը եւ այն թշնամությունը, որը մտցվում է տվյալ ազգի երիտասարդության ու մանուկների մեջ, չեմ կարծում, որ դա տեղին է կամ ճիշտ է: Ընդհանրապես ցանկացած այլասերություն համարում եմ ոչ ընդունելի: Ֆիլմերից տեղյակ չեմ եւ չեմ տեսել, միգուցե, հակառակն է դաստիարակում եւ այլն, այդ իսկ պատճառով բովանդակային կարծիք արտահայտելուց զերծ կմնամ՚:
Դե, իսկ նորվեգացի հյուպատոսի ատելության կապակցությամբ` հայկական տոներից Վարդավառի վերաբերյալ եւ հայկական ազգային տոնացույցի մեջ քիթը խոթելու մասին, Հ. Սահակյանը նշեց. ՙԿարծում եմ, որ նա պարզապես իր տեսակետն է հայտնել, որը եկեք թողնենք որպես տեսակետ: Դիվանագիտական կորպուսի աշխատողների հետ տարբեր առիթներով նշել եմ, որ դիվանագիտական էթիկայից ելնելով, այլ երկրի ներքին կյանքին եւ գործունեությանը միջամտելը, կոռեկտ չէ՚:
ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ