ՀՆԴԿԱՍՏԱՆԻՑ ՆԵՐԿՐՎՈՂ ՈՐՈՇ ԴԵՂԵՐ ԳՐԱՆՑՎԱԾ ՉԵՆ ԱՆԳԱՄ ԱՐՏԱԴՐՄԱՆ ԵՐԿՐՈՒՄ
Դեղագործական գիտությունների թեկնածու, ամերիկյան “Էլայ լիլլի” ընկերության տարածքային մենեջեր Սիլվա Բարսեղյանը այսօր հրավիրած ասուլիսին ասաց, որ Հայաստանում ինչպես և ԱՊՀ շատ երկրներում դեղերի պետական գնումների ժամանակ հաճախ ոչ մասնագիտական մոտեցում է դրսևորվում: Նա ասաց, որ մեզ մոտ իսպառ բացակայում են պետական միջոցների արդյունավետ օգտագործման համար անհրաժեշտ հաշվարկները.
«Որպեսզի դեղը դառնա պետական գնման առարկա, անհրաժեշտ է հաշվել նրա արժեքի արդյունավետությունը, ինչը մեզ մոտ դեռ չի արվում:
Վերջերս փորձ է արվում նախահաշվարկային գին որոշել՝ վերցվում է ներկրված բրենդային դեղի արժեքը, գումարվում է ոչ բրենդային դեղի արժեքին՝ որոշվում է դրանց միջին գինը:
Նման եղանակի պատճառով պետական գնումների ցանցից հանվում է բրենդային դեղը, քանի որ թանկ է և ցանցում հայտնվում է ոչ բրենդային դեղը»:
Տիկին Բարսեղյանը տեղեկացրեց, որ այդ գործընթացն է կիրառվում ներկայումս հնդկական Պերդաման ընկերության արտադրության հակադիաբետիկ դեղերի պարագայում, որոնք անգամ արտադրող երկրում՝ Հնդկաստանում գրանցված չեն: Նա ասաց, որ դրանց ձեռք բերման համար ՀՀ Առողջապահության նախարարությունը միայն այս տարվա երկրորդ կիսամյակի համար ծախսելու է մոտ 390 մլն դրամ, մինչդեռ ըստ նրա կարող է ծախսել 50 մլն դրամից պակաս.
« Առողջապահության նախարարությունը հունիսի 15-ին դիմել է մեզ ինսուլինի մատակարարման համար: Բացի մեր կազմակերպությունից նման առաջարկ ստացել են ևս երկուսը»,-նա նաև ասաց, որ. « Էլայ լիլլի ընկերությունից կարելի է գնել ավելի մատչելի և բարձրորակ ինսուլին, այնինչ մեկ այլ կազմակերպություն՝ « Սոֆի Ավետիս»-ը առաջարկում է ցածրորակ կիսասինթետիկ ծագում ունեցող ինսուլին: Ընդվորում մեր ինսուլինը « Սոֆի Ավետիս»-ի ինսուլինից 1163 դրամով էժան է, այսինքն մեր ապրանքը գնելու դեպքում հինգ տարում պետությունը տնտեսում է 251 մլն դրամ»,- ասաց ընկերության ներկայացուցիչը:
Սիլվա Բարսեղյանը ասաց, որ իրենք Առողջապահության նախարարությունից՝ ինսուլինի մատակարարման հետ կապված, դեռևս որևէ պատասխան չեն ստացել, բայց իրենք տեղեկացված են, որ մեկ այլ, ավելի թանկ գնով ինսուլին մատակարարող ընկերության արդեն իսկ ուղարկվել է պայմանագիր՝ քննարկման և ստորագրման համար:
Մարինե Բարսեղյան