ՙՔԱՆԻ ԴԵՌ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԸ ՊԱՏՐԱՍՏ ԿԼԻՆԻ ԱՅԴ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ, ՊԱՏԵՐԱԶՄԸ ՉԻ ՎԵՐՍԿՍՎԻ՚
Ադրբեջանի Հանրապետության նախագահի ընտրություններին որպես թեկնածու կմասնակցի նաեւ Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգոր Այվազյանը, ով նույնիսկ պատրաստվում է մեկնել Բաքու: Նախագահական ընտրությունների եւ հայազգի նախագահի թեկնածու ունենալու վերաբերյալ առկա արձագանքների մասին ՙԻրավունքը՚ զրուցեց ԳՐԻԳՈՐԻ ԱՅՎԱԶՅԱՆԻ հետ:
-Պարոն Այվազյան, ինչ փուլում է Ձեր առաջադրման գործընթացը:
- Առաջիկա ժամանակաշրջանում կփորձենք կապ հաստատել պարոն Իբրահիմովի հետ եւ գուցե հանդիպենք նրան Մոսկվայում, որպեսզի որոշենք ընդհանուր ռազմավարությունը, որովհետեւ մի հարցում մենք ընդհանրություն ունենք: Այն է` Հարավային Կովկասի անվտանգության խնդիրների լրջագույն սպառնալիքները Իլհամ Ալիեւի ռեժիմի վերարտադրությունն է, որը չի բխում Ադրբեջանի շահերից, որովհետեւ Հեյդար Ալիեւից հետո Իլհամ Ալիեւն արեց ամեն ինչ, որ ամբողջ այդ գործընթացը տարվի դեպի պատերազմի վերսկսում: Եվ հիմա Ադրբեջանի դեմ հայրենասերները, այդ թվում նաեւ ես` լինելով ազգությամբ հայ, պետք է անենք ամեն ինչ, որպեսզի այդ մարդը Հայաստանի հետ բախման պատճառով չտանի մեր կողմից ստեղծված պետությունը կործանման եւ փլուզման: Կարծում եմ, որ պետք է փորձենք ընդհանուր եզրեր գտնել պարոն Իբրահիմովի հետ:
- Իսկ նախագահի մյուս թեկնածուներ Ալիեւ ամուսինների հետ պայքարն ինչպե±ս եք պատկերացնում:
- Ալիեւ ամուսինների հետ իրական պայքար չի լինելու: Իրականում Մեհրիբան Ալիեւան եւ Ադրբեջանի արտգործնախարարը, փաստորեն, պակաս ապակառուցողական են, քան ռեժիմի գլուխ Իլհամ Ալիեւը: Վերջինս լինելով արկածախնդիր մարդ` բոլորս էլ գիտենք նրա պատմությունը, որ փառամոլությամբ է զբաղված: Ես մի քանի անգամ նշել եմ, որ մենք չենք պատրաստում գալ իշխանության Ադրբեջանում այնպես, ինչպես արեց Ի. Ալիեւը: Մեհրիբան Ալիեւային էլ կառաջարկենք վարչապետի պաշտոնը, իսկ արտգործնախարարը կմնա իր պաշտոնում, որովհետեւ նա բավարար արտաքին քաղաքականություն է վարում: Եթե չլիներ նախագահի ապակառուցողական դիրքորոշոմը, գուցե հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ ընդհանուր եզրեր գտնելը հնարավոր կլիներ: Մենք այս դիրքերից ենք հանդես գալիս, եւ որեւէ իրական պայքար հնարավոր չէ, որ լինի Մեհրիբան Ալիեւայի եւ Իլհամ Ալիեւի միջեւ: Իլհամ Ալիեւը, անշուշտ, չի զիջի իշխանությունը Մեհրիբանին:
- Դուք պատրաստվում էիք Ադրբեջան մեկնել, իսկ այսօր ի±նչ ծրագրեր ունեք:
- Ինչպես պարոն Իբրահիմովը, այնպես էլ ես, արդեն առաջադրվել ենք որպես Ադրբեջանի նախագահի թեկնածու: Մենք սպասում էինք եւ մինչեւ հիմա էլ սպասում ենք անվտանգության որոշակի երաշխիքների` մեր թիմի անդամների համար, որպեսզի կարողանանք մեկնել Բաքու: Բայց, եթե անգամ պատասխան չստացվի իրենց կողմից, մենք չենք բացառում այն հավանականությունը, որ, այնուամենայնիվ, կփորձենք մեկնել: Միեւնույնն է, մենք սպասում ենք նրանց դրական պատասխանին` մեկնման եւ անվտանգության երաշխիքների հետ կապված, ու մեկնելուց մեկ օր առաջ կկազմակերպենք հրաժեշտի հանդիպում:
- Ձեր առաջադրման լուրը Բաքուն ինչպես ընդունեց: Արդեն ինչ-որ հաղորդագրություններ ստացե±լ եք:
- Մեր առաջարկը առերես դրական էր ադրբեջանական կողմից: Դուք գիտեք, որ որպես այդպիսին Ադրբեջանում ազատ մամուլ գոյություն չունի, եւ կարելի է ասել, որ արդեն պաշտոնական արձագանք կա, ինչի վերաբերյալ հրապարակումներ կան: Ժամանակին նույնիսկ հրապարակվել է, որ Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ընդհանուր առմամբ, մեր առաջարկին դեմ չէ, եւ կարծում եմ, որ համապատասխան հնարավորությունների պարագայում մենք կարող ենք մասնակցել նախագահական ընտրություններին: Մենք դա անում ենք, որպեսզի հասցնենք ճշմարտությունը 1988-92 թթ. կատարվածի վերաբերյալ` ե°ւ Ադրբեջանի վտարանդի քաղաքացիների մասին, ե°ւ Ադրբեջանում տիրող ազգային փոքրամասնությունների իրավիճակի, ե°ւ թե Ադրբեջանի ողջ ժողովրդի մասին: Համոզված ենք, որ այս պայքարում Ադրբեջանի ժողովրդի այն հատվածը, ով իր էությամբ ընդդիմադիր է, մեր կողքին կլինի եւ կքվեարկի մեր օգտին: Մենք մեր հաղթանակի հարցում չենք կասկածում: Իսկ եթե Իլհամ Ալիեւի ռեժիմը խոչընդոտներ կազմակերպի մեր վերադառնալու հարցում, դա եւս մեկ անգամ կապացուցի, որ այդ գործող հանցավոր ռեժիմը մեզնից վախենում է, եւ իրենք պատրաստ չեն հանդուրժել քաղաքական դաշտում անգամ մի հայի:
- Հենց երեկ Ադրբեջանի պաշտպանության նախարարը նշել է, որ իրենք հայտատարում են պատերազմ Արցախին եւ Հայաստանին: Սա հերթական PR-ի տարբերա±կ է:
- Մեր հայկական կողմն այս պարագայում վախենալու բան չունի, եւ թե որքանով կնվազի պատերազմի հավանականությունը կախված է նրանից, թե ինչքան մեր ժողովուրդը կլինի իրազեկ: Այս պատերազմը կարող է վերսկսկվել ամեն օր, եւ պետք է պատրաստ լինել պաշտպանել հայրենիքը, հայ ժողովրդին: Մենք չենք կարծում, որ սա զուտ նախընտրական հնարք է Ադրբեջանի կողմից, եւ պատերազմի վերսկսման վտանգը երբեք էլ չի նվազել: Անշուշտ, դժվար է մտածել, որ Ադրբեջանը զուտ քարոզչական նպատակներով վերջերս Ռուսաստանի Դաշնությունից մեկ միլիարդ դոլարի համարժեք զինամթերք է ձեռք բերել: Բայց մեր խորին համոզմամբ` ես սա ասում եմ նաեւ որպես Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, սա ադրբեջանական ժողովրդի համար նախատեսված հնարք է, որպեսզի ժողովուրդին ուղղորդեն: Սակայն, քանի դեռ հայկական կողմը պատրաստ կլինի այդ պատերազմին, պատերազմը չի վերսկսվի: Իսկ եթե մի պահ թույլ տա ուշադրությունը շեղել եւ վերահսկողությունը կորցնել, Ադրբեջանը պատերազմ կսկսի: Ես պատասխանատու ձեւով եմ ասում` որպես հայ մարդ, ով այնտեղ ծնվել եւ մեծացել է:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ