Է՛Լ ԳՈՂ ՓԻՍՈ, Է՛Լ ՔԱՉԱԼ ՇՈՒՆ՝ ԻՆՉ ԱՍԵՍ ԱՍԱՑԻՆՔ, ԷԼ Ի՞ՆՉ ԱՆԵԻՆՔ
Բարև Երևան ավագանու խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը այսօր պատասխանելով «Իրավունք»-ի հարցին, թե ինչն է պատճառը, որ ընդդիմադիր ուժերը բավական երկար ժամանակ պասիվություն են ցուցաբերում և նույնիսկ ՎՊ-ի զեկույցից հետո որևէ քայլ չձեռնարկեցին, ասաց.
« Ես չգիտեմ դուք դա ասելով ի՞նչ նկատի ունեք, որովհետև ոչ միայն դուք եք ասում՝ ֆեյսբուքում են ասում: Ի՞նչ է նշանակում պասիվություն, ՎՊ-ն հաշվետվությունը ներկայցրեց, բոլոր քաղաքական ուժերն էլ իրենց դիրքորոշումը արտահայտեցին՝ բոլոր: Ի՞նչ պիտի անեինք, գնայինք ...: Ես ուզում եմ հասկանալ հուշեք, ի՞նչ պիտի անեինք, որ չարեցինք՝ է՛լ գող փիսո, է՛լ քաչալ շուն, ինչ ասես ասացինք:
Ավելին ասեմ բոլոր այդ ընդդիմադիր քաղաքական ուժերը կոմպլեքս խփեցին՝ Նիկոլի ելույթն էր, Լևոն Զուրաբյանը, Զարուհին , Դաշնակցությունը, բոլորն էլ բոլոր կողմերից խփեցին: Դուք կարծում եք չերերա՞ց իշխանությունը, իհա՛րկե երերաց, այն էլ ինչպե՛ս: Դա է նպատակը, ուրիշ ինչ եք ակնկալում է՞, փոփոխությո՞ւն: Կներեք էլի, էդ փոփոխությունը բոլորդ ուզում եք, բայց ով ինչքանով է նպաստում այդ փոփոխությանը, մեր հասարակության ո՞ր մասն է, որ այդ փոփոխության համար պատրաստ է ճակատը բացել, կուրծքը բացել և գնալ առաջ»:
«Իրավունք»-ի դիտարկմանը, որ բավական մարդիկ նախագահական ընտրություններին գնում էին Րաֆֆի Հովհաննիսյանի ետևից, իսկ հիմա հավանաբար հիասթափված են, Ա. Բախշյանը պատասխանեց.
«Այո հիասթափություն ունեն, ինչու՞, որովհետև ասում են «հիմա՛, հիմա՛»: Հիմա ո՞նց կլինի»:
«Իրավունք»-ի հարցին, արդյոք զգու՞մ են այն ընդդիմադիր ուժերի աջակցությունը, որոնք ներկայացված չեն ավագանիում, Անահիտ Բախշյանը պատասխանեց.
« Իհարկե, իհարկե զգում ենք, օրինակ եթե ապօրինի շինարարություն է, կամ հողի աճուրդների հետ կապված խայտառակ փաստեր կային կոնկրետ Դավիթաշենում, մենք գնացինք ու հանդիպեցինք և՛ բնապահպաններն էին եկել, և՛ նախախորհրդարանը: Զանգել էինք եկել էին: Ոչ մի խնդիր սեփականաշնորհված չի, խնդիրը բոլորինս է և այդ բոլորով պիտի իշխանությանը ստիպենք, որ ինքը համագործակցի ժողովրդի հետ, որ առանց ժողովրդի հետ քննարկելու որևէ որոշում չկայացնի»:
Մարինե Բարսեղյան