Հ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ԱՐՏԱՀԱՆՁՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ԿԱՐՈՂ Է ԿԻՐԱՌՎԵԼ
Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի իրավական վերլուծության վարչության պետ Արամ Վարդևանյանը այսօր ասաց, որ հնարավոր է Ռուսական կողմը Հրաչյա Հարությունյանին արտահանձնի, իրավական առումով դա կարգավորվող գործընթաց է, բայց դրա համար պետք է լինեն մի շարք գործոններ: Ռուսական կողմը պետք է ցանկանա համագործակցության գնալ և Հայաստանի Հանրապետությանը հանձնել մեր քաղաքացուն:
«ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը հստակ նախատեսում է այն կարգավորումները, որոնց հիման վրա կարող է անձը հանձնվել Հայաստանի Հանրապետությանը՝ թե՛ պատիժը կրելու համար և թե՛ ինքնին դատաքննությունը անցկացնելու համար, այսինքն որոշելու համար անձը մեղավոր է , թե ոչ, եթե մեղավոր է ապա պատժատեսակը, չափը որոշելու համար: Այդ թվում հարկավոր է հաշվի առնել, որ Հայաստանի Հանրապետությունը՝ ինչպես Ռուսաստանի Դաշնությունը, հանդիսանում է Մինսկի կոնվենցիայի անդամ, որով հենց երաշխավորվում է էքստրադիցիայի հարցը, այսինքն՝ անձի հանձնման պրոցեսը: Չնայած այն հանգամանքի, որ տարածքային իրավասության տեսանկյունից Հայաստանի օմբուդսմենը չէր կարող անձամբ ուսումնասիրել Հրաչյա Հարությունյանի դեպքը, բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ խոսքը գնում է ՀՀ քաղաքացու մասին, բնականաբար Մարդու իրավունքների պաշտպնը արձագանքեց այդ խնդրին: Հետևողական ենք լինելու այդ գործի վերաբերյալ և հետևելու ենք հետագա զարգացումներին, այդ թվում նաև բոլոր միջոցներով օգտակար լինելու, օգնություն տրամադրելու Հրաչյա Հարությունյանին»
Իրավաբանը նշեց, որ արտահանձնման համար կարող է դիմել ՀՀ Արդարադատության նախարարությունը: Այս գործընթացի ժամանակ հաշվի են առնվում գործի բոլոր հանգամանքները, ինչպես նաև այն համագործակցությունը, որը կա պետությունների միջև.
«Պետք է հաշվի առնել այն հարաբերությունները, որոնք կան պետությունների միջև՝ վստահությունը, պատժի համակարգը, հարկավոր է հաշվի առնել քրեակատարողական համակարգի տարբերությունները և այլն: Մի շարք հանգամանքներ կան, բայց հիմնականում պրակտիկան այնպիսին է, որ երբ պետությունները գտնվում են բարիդրացիական հարաբերություններում, դա խնդիր չի հանդիսանում»:
Մարինե Բարսեղյան