ՄԱԿ-Ի ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑԻ ՏԵՂԱՓՈԽՈՒՄԸ ՍՏԱՄԲՈՒԼ ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ Է
«Հանուն կայուն մարդկային զարգացման» հ/կ-ի տնօրեն Կարինե Դանիելյանը այսօր անդրադարձավ այն խնդրին, որ Բրատիսլավայում պատրաստվում են փակել ՄԱԿ-ի եվրոպական կառույցը և այն տեղափոխել Թուրքիա.
« Դա դեռ պլանավորված է, տեղափոխումը կլինի հունվարին, այնտեղ շենքը նախապատրաստում են: Ինչքան մեզ հայտնի է, մեր իշխանությունները նույնպես դժգոհություն են հայտնել և բանավոր ասել են, որ մենք չենք աշխատի Ստամբուլի հետ, անմիջական կաշխատենք միայն Նյու Յորքի հետ, բայց դա այդքան հեշտ իրագործելի բան չէ»:
Նա ասաց, որ վերջին շրջանում մի շարք ապացույցներ եղան, որ Թուրքիան անվտանգ երկիր չէ, և ի՛ր իսկ հասարակության հանդեպ խայտառակ վերաբերմունք ունի.« ՄԱԿ-ի կառույցները սովորաբար տեղաբաշխվում են հենց անվտանգ երկրներում և ՄԱԿ-ի արժեհամակարգի հիմնական օբյեկտիվ սկզբունքներն են մարդու իրավունքները: Թուրքիան ապացուցեց, որ ինքն այդպիսի երկիր չէ և անվտանգ չէ՝ ոչ միան հայկական պատվիրակությունների համար, այլ հենց ՄԱԿ-ի կառույցների համար»:
Տիկին Դանիելյանը ասաց, որ առաջին անգամ այս խնդրի վերաբերյալ իրենք 16 կազմակերպության անունից էին նամակ ուղարկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունին, իսկ այս անգան արդեն 22 կազմակերպության անունից է նամակ ուղարկվել: Նամակում ասվում է.
« Մենք հստակ համոզված ենք, որ հայկական պատվիրակությունը չի կարող աշխատել Թուրքիայում տեղաբաշխված ՄԱԿ-ի կառույցների հետ, ուր հայերը մեծամասամբ ընկալվում են որպես թշնամի, իսկ հայկական մշակութային և պատմական ժառանգությունը հետևողականորեն ոչնչացվում է: Թուրքիան երբեք չի կարող ապահովել ՄԱԿ-ի աշխատակազմի և հայկական պատվիրակների անվտանգության այն մակարդակը, որը իրականացվում է Բրատիսլավայում և կարող է իրականացվել տարածաշրջանի որևէ այլ երկրում:
Կուզենայինք կրկնել նախորդ նամակի մեր հույսը, որ ՄԱԿ-ը հարազատ կմնա իր իսկ սկզբունքներին և հաշվի կառնի ռիսկերն ու խոչնդոտները ՄԱԶՍ-ի եվրոպական տարածաշրջանային կենտրոնը կամ որևէ այլ մնամ կառույց Թուրքիա տեղափոխելու համար»,- ասված է նամակում, որում նաև հիշեցում կա հայերի ցեղասպանության և հայ-թուրքական փակ սահմանի վերաբերյալ»:
Ի դեպ, Թուրքիան 2 մլրդ դոլար է տրամադրել ՄԱԿ-ին և հոգում է կառույցի տեղափոխման հետ կապված բոլոր ծախսերը, այսպիսով կարծես թե կաշառելով ՄԱԿ-ի ղեկավարությանը:
Կարինե Դանիելյանը շեշտեց այս հարցին մեր պետական մարմինների արձագանքի կարևորությունը, քանի որ նման հարցերը հ/կ-ների միջոցով հնարավոր չէ լուծել, իրենք միայն կարող են բարձրաձայնել և իրենց մտահոգության պատճառները վկայակոչել:
Մարինե Բարսեղյան