«ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ ՆՄԱՆ ԿԼԻՆԻ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐՆԵՐԻՆ
Այսօր ԱԺ 4-րդ գումարման <Ժառանգություն> խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց, որ համամիտ է նախագահի արտահայտած այն մտքի հետ, որ ազգային և սոցիալական համերաշխության սկզբունքին այլընտրանք չկա : Նա նաև նշեց, որ համերաշխություն կարող է լինել միայն այն միջավայրում, որտեղ կա հավասարություն, արդարություն և ազատություն, եթե նախագահը, իշխանությունները կարողանան ապահովել այս գործոնները, հնարավոր կլինի իրագործել նաև մյուս ծրագրերը: «Ժառանգության» փոխնախագահը նշեց, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ իրավունք ունի որոշումներ կայացնել, բայց այնուամենայնիվ, ըստ նրա, ԲՀԿ-ի ընտրություններին չմասնակցելու որոշումը ոչ այնքան ճիշտ էր: ԲՀԿ-ն հանդիսանալով երկրի երկրորդ քաղաքական ուժը, չպետք է նման որոշում ընդուներ: Ինչ վերաբերում է «Ժառանգությանը». « Ես ասեմ, որ «Ժառանգությունը շարունակում է իր աշխատանքը, մենք որևէ ձևով չենք պայմանավորում մեր գործունեությունը տարբեր տեսակի ստվերային պայմանավորվածություններով: Մենք հրապարակային դաշտում ենք, հրապարակային մեր թեկնածուին՝ Րաֆֆի Հովհաննիսյանին առաջադրել ենք, պաշտպանելու ենք դեկ. 22-ի համագումարի ընթացքում: Այն օրակարգը, որը առաջ է քաշել «Ժառանգությունը» և որը բարեբախտաբար համընկնում է ՀՅԴ-ի օրակարգի հետ, մենք փորձելու ենք կյանքի կոչել»:
« Ժառանգության» փոխնախագահը չզլացավ նաև նշել, որ իրենց համագումարը նման կլինի ամերիկյան համագումարներին: Դե ուրիշ բան սպասելի էլ չէր ժառանգականներից:
Ա. Մարտիրոսյանը նկատեց, որ միջազգային գործընկերները այս ընտրությունների նկատմամբ առանձնահատուկ ուշադրություն ունենալուց բացի նաև առանձնահատուկ շահ ունեն. « Մեր խնդիրը պետք է լինի ոչ թե իշխանությանը շատ հանգիստ թողել,որ ինքը նորից վերարտադրվի, այլ բոլոր միջոցներով մենք պետք է կարողանանք այդ պայքարը տանել և իրական այլընտրանք ձևավորել»: Նա հավելեց, որ Ր.Հովհաննիսյանի այլընտրանք լինելու հավանականությունը շատ մեծ է, որովհետև նա խոցելի կողմեր քիչ ունի՝ տնտեսական կապերով կապված չէ իշխանության հետ, նախկինում չի մասնակցել իշխանությունների իրականացրած վայրի սեփականաշնորհում-թալանին: Այս առումով Ր. Հովհաննիսյանը անխոցելի է.« Առավելագույնը, որ այս տարիների ընթացքում փորձեցին «Ժառանգությանը» կապել՝ իբրև թե դրսից մենք ֆինանսավորվում ենք, կամ դրսի պատվերն ենք կատարում: Բայց այս վերջին քաղաքական զարգացումները՝ արտաքին քաղաքական դաշտում ցույց են տալիս, թե ովքեր են արտաքին քաղաքական պատվեր իրականացնում և ինչ եղանակներով»:
Մարինե Բարսեղյան