Ամենայն հայոց եւ ազատամիտ Ժառանգականը
<Ընդդիմադիր դաշտում կոալիցիա կազմելուց առաջ ԲՀԿ-ն սկզբի համար պետք է կողմնորոշվի, թե ինքը ո՞ր դաշտում է գտնվում, քանի որ նա իրեն դեռ ո՛չ իշխանություն է հռչակել, ո՛չ ընդդիմություն: Առաջին հերթին ԲՀԿ-ն պիտի հստակ կողմնորոշվի և իր ընդդիմադիր դիրքորոշման մասին հայտարարի: Բարգավաճ Հայաստանը այսօր տարանջատված չի իշխանությունից, որովհետև տարիներ շարունակ իշխանական կոալիցիայի մեջ լինելով, նրանք նույնիսկ հնարավորություն չունեն այդ կոալիցիայից հեշտությամբ անջատվելու: Այդ իսկ պատճառով նրանք չեն կարողանում իրենց որպես ընդդիմադիր հռչակել և զարմանալի չի լինի, եթե մոտ ապագայում նրանք նորից պաշտոնապես ընդգրկվեն իշխանության մեջ>:
Այս մասին այսօր ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ խոսեց « Ժառանգություն » խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը և հավելեց.« Ես չեմ կարծում, որ երկրորդ և երրորդ նախագահները իրարից անջատ են գործում և իրարից անջատ քաղաքականություն են վարում: Սա այդ երկու քաղաքական գործիչների ծրագիրն է: Ծրագիրը իրականացնում են և դաշտը նորից ու նորից իրենց տիրապետության տակ պահելու խնդիրն են լուծում»:
Զարուհի Փոստանջյանի այս հայտարարությանը արձագանքելով ՀՀկ պատգամավոր Հովհաննես Սահակյանը նշեց.
«Ես կցանկանայի, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ որևէ հայտարարություն կամ մեկնաբանություն անելուց առաջ նախ և առաջ նայեր ի՛ր քաղաքական ուժի դիրքերին ու կառուցվածքին՝ սկսած կուսակցական կարգապահությունից, վերջացրած պատգամավորական գործունեությունից: Հանրապեական կուսակցությունը ստեղծվել է մեր նորանկախ պետության առաջին իսկ օրվանից, և կարող ենք ցանկացածի հետ կապել, այո մենք աշխատել ենք նաև Ռ. Քոչարյանի հետ, բայց դրան քաղաքական երանգ տալը նախընտրական դրսևորումներ են ընդամենը: Կցանկանայի, որպեսզի քաղաքական ուժերը նայեն իրենց գործունեությանը, կարգապահությանը, իրենց համախմբման աստիճանին և իրենց անվան հետ կապեն նաև այն խնդիրները, որոնք այսօր քաղաքական դաշտում առկա են, ոչ թե նման շեշտադրումներով փորձեն խնդիրներ առաջացնել այլ քաղաքական ուժերի համար:
Ընդդիմադիր դաշտի կողմից առաջ քաշված կառավարման խորհրդարանային համակարգին անցնելու հարցին անդրադառնալով ՀՀԿ պատգամավորը նշեց.« Կառավարման համակարգի խնդիրների լուծումը մենք այսօր չէ, որ պետք է առաջ քաշենք: Երբ որ ընտրական օրենսգիրք էինք բարեփոխում, հենց այն ժամանակ 100 % համամասնական, մեծամասնական համակարգերի հետ կապված բազմաթիվ քննարկումներ ենք ծավալել փորձագետների հետ, հանրային լսումներ ենք կազմակերպել , տարբեր առիթներով խոսել ենք մեր այն ժամանակվա՝ չորրորդ գումարման ԱԺ-ի ընդդիմադիր գործիչների հետ և տվել ենք դրա բոլոր պատասխանները: Եվ այսօր մենք որպես Հանրապետական կուսակցություն գտնում ենք, որ ո՛չ տեղին է, ո՛չ ժամանակին այդ հարցերը առաջ քաշել»: Նա նաև հայտնեց, որ ողջունելի է այն հանգամանքը, որ մեր քաղաքական դաշտում տարբեր ուժերը փորձում են կոնսուլտացիաներ անցկացնել, ինչ որ բանի շուրջ համախմբվել, բայց ավելի կարևոր է, երբ այդ համախմբումը լինումէ հանու՛ն ինչ որ մի գործընթացի, և ո՛չ թե ընդդեմ: ՀՀԿ պատգամավորը նաև նշեց, որ ընդդիմադիր դաշտը նախագահական ընտրություններին հազիվ թե մեկ միասնական թեկնածույով հանդես գա, քանի որ արդեն իսկ առաջադրման մասին հայտարարել է Րաֆֆի Հովհաննիսյանը, այդ մասին խոսել է նաև Պարույր Հայրիկյանը և հավանաբար ժամանակի ընթացքում ընդդիմադիր դաշտից էլի առաջադրումներ կլինեն:
Կապված Րաֆֆի Հովհաննիսյանի, որպես միասնական թեկնածու առաջադրվելու հետ Զ. Փոստանջյանը համոզմունք հայտնեց, որ Ժառանգության նախագահը «ազատամիտ» քաղաքացիների թեկնածուն է: Եվ կունենա ազատամիտ ընտրողների մեծ բանակ:
Ժառանգականները կարծես թե չխերվեցին «Ազատ» դեմոկրատների հետ կապվելով, հիմա էլ իրենց բախտը հանձնում են «ազատամիտ» քաղաքացիների ձեռքը: Հետաքրքիր է, ի՞նչ ճակատագիր կունենա <Ժառանգության> այս հերթական «ազատ» նախաձեռնությունը:
«Իրավունք»-ի հարցին այն մասին, որ, եթե այնուամենայնիվ «Ազատ դեմոկրատները» որոշում կայացնեն սատարել Րաֆֆի Հովհաննիսնանին, պատրա՞ստ են արդյոք իրենք ընդունել այդ օգնությունը, Զ. Փոստանջյանը պատասխանեց.« Մեր թեկնածուն դա համայն հայության թեկնածուն է, ովքեր կցանկանան սատարել մեր թեկնածուին, մենք պատրաստ ենք համագործակցել»:
«Իրավունք»-ի հարցին այն մասին, թե Լևոն Տեր- Պետրոսյանի առաջադրվելու դեպքում, հնարավոր է արդյոք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը զիջի և վերցնի իր թեկնածությունը, Զ. Փոստանջյանը պատասխանեց՝ դա բացառված է:
Մարինե Բարսեղյան