Կարողացանք պահպանել խաղաղությունը մեր սահմաններում, ԼՂՀ անվտանգությունը:
Այսօր «Տեսակետ» ակումբում ՍԻՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը տարին ամփոփելիս հարցին, թե Ղարաբաղյան հարցի հետ կապված այս տարի ի՞նչ առաջընթաց գրանցվեց` պատասխանեց. «Մենք կարողացանք պահպանել նախ խաղաղությունը մեր սահմաններում, ԼՂՀ անվտանգությունը, ինչը որ շատ կարեւոր է, կարողացանք ներկայացնել աշխարհին մեր իրավունքները: Բելառուսի նախագահի` Ալեկսանդր Լուկաշենկոյի հետ վերջին հանդիպմանըը երբ իրեն հարց տվեցի, թե ինքն ինչպես է տեսնում ԼՂՀ-ի ապագան, նա շատ հստակ եւ ցուցիչ մի բան ասաց` Ադրբեջանը երբեք չի գրավի ԼՂՀ-ն եւ միջանցքը` աշխարհը փոխվել է: Այսինքն` նա արդեն իսկ իր խոսքում ԼՂՀ-ն դուրս դնելով Ադրբեջանից, այն ընկալում է, որպես ինքնուրույն միավոր: Թեեւ նա տեղյակ է, որ Ադրբեջանը ցանկություն ունի գրավելու, զավթելու ԼՂՀ-ն, բայց աշխարհը փոխվել է եւ դա չի լինի»:
Ըստ Հայկ Բաբուխանյանի, երկրների ղեկավարների գիտակցության մեջ, քաղաքական գործիչների եւ մամուլի համար արդեն ապացուցվել է, որ Ղարաբաղն անկախ, կայացած պետություն է. «Երեկ ՀՀ նախագահը Մոսկվայում հնչեցրեց, որ Ադրբեջանն իր ռասիստական տրամադրվածությամբ սպառնալիք է Հայաստանի, հայ ժողովրդի, ամբողջ տարածաշրջանի համար: Սաֆարովի դեպքը ցույց է տալիս, որ Թուրքիայի, Ադրբեջանի մտածելակերպը ցեղասպանաստեղծ է եւ ցանկացած պահի, երբ նրանք կտեսնեն, որ Հայաստանը թուլացել է, կշարունակեն իրենց ցեղասպան գործունեությունը: Այստեղ մենք պետք է լավ հասկանանք, թե ում հետ, ինչպես պետք է բարեկամություն անենք»: