ՀԵՏԱՔՐՔԻՐ է, ՀԱԿ-Ը ԿԽԱՆԴԻ...
Երեկ լրատվամիջոցներից մեկի ունեցած տեղեկությունների համաձայն. ՙՆոր Նորքի ոստիկանության բաժանմունքի անձնագրային բաժնում առավոտից հերթ էր. Հայաստանի քաղաքացիներն նույնականացման քարտերի համար էին դիմել՚: Ապա նույն աղբյուրը ավելացնում է. ՙԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը եկավ, առանց հերթ կանգնելու եւ որեւէ մեկից ներողություն եւ թույլտվություն խնդրելու, մարդկանց բազմությունը հետեւում թողնելով` ներս մտավ՚: Պարզաբանման համար ՙԻրավունքը՚ դիմեց ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻՆ.
- Կարդացել եմ տեղեկատվությունը, այն չի համապատասխանում իրականությանը: Ես շատ պարտաճանաչ կերպով, ի դեպ, ում հետ որ այցելել էի, հարցրել եմ, թե ով է վերջինը ու կանգնել հերթի վերջում: Այնուհետեւ, ինձ ասվել է, որ կարող եմ մոտենալ, որովհետեւ այն ծառայության համար սպասարկող կինը, որին պետք է դիմեի, արդեն ազատ էր: Ընդամենը վերցրել եմ մեկ տեղեկանք եւ դուրս եկել:
- Անդրադառնանք միջկուսակցական քննարկումներին: Երեկ կայացավ ՕԵԿ-ԲՀԿ հանդիպումը, որեւէ ընդհանուր հայտարարի եկաք:
- Կարծում եմ, բավականին արդյունավետ քննարկում եղավ` այն մոտ մեկ ժամ տեւեց: Մենք ներկայացրեցինք օրակարգային մեր խնդիրները, թե ինչն ենք համարում անհրաժեշտ եւ որոնք կարող են բերել երկրում լրջագույն համակարգային փոփոխությունների: Այսօր ՙՕրինաց երկիրն՚ ունի նախատեսված քաղաքական նիստ, որտեղ նաեւ մեր առաջարկներն ու տեսակետները կքննարկեն, որից հետո արդեն կերեւա հանդիպումների շարունականության անհրաժեշտությունը այս փուլում կա, թե` ոչ:
- Իսկ ԲՀԿ-ի համար վարկաբեկիչ չէ± ՕԵԿ-ի հետ խորհրդակցելը, չէ± որ բազմիցս մի շարք ԲՀԿ-ականներ հանդես են եկել վերոնշյալ կուսակցության մասին խիստ բացասական կարծիքով:
- Բացարձակապես` ոչ: Ցանկացած կուսակցության հետ մենք պատրաստ ենք քննարկել լրջագույն խնդիրներն ուղղված երկրում լրջագույն համակարգային փոփոխությունների համար:
ՀՀԿ-Ն ՕԵԿ-Ի ՔԱՅԼԸ ՉԻ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ
Երեկ կայացավ ՙՕրինաց երկիր՚ եւ ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցությունների ներկայացուցիչների հանդիպումը: ԲՀԿ-ն հերթական կուսակցությանը հյուրընկալվելով` խորհրդարանական կառավարման համակարգի անցնելու մասին իր առաջարկը ներկայացրեց, որը մեզանում տարիներ շարունակ ծեծված թեմա է, իսկ որոշ կուսակցությունների համար ծրագրային դրույթ: Փաստորեն, այն ժամանակ, երբ Հանրապետական կուսակցությունը մերժում ու սխալ է համարում ԲՀԿ-ի առաջարկը, կոալիցիոն մյուս կուսակցությունը` ՕԵԿ-ը, շտապում է վերջինիս հետ երկխոսության մեջ մտնել: Թե ՕԵԿ-ի նման քայլը չի± պարունակում դավաճանության էլեմենտ կոալիցիայի հանդեպ, ՙԻրավունքը՚ պարզեց ԱԺ ՀՀԿ պատգամավոր ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՀԱԿՅԱՆԻՑ.
- Իհարկե, ոչ: Յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է որոշում իր գործելաոճը, առավել եւս, կարծում եմ, այնտեղ բանակցելու կամ որեւէ այլ խնդիր չկա: ՕԵԿ-ը որպես առանձին քաղաքական միավոր իր քայլերի ե°ւ հաջորդականությունը, ե°ւ ձեւն ու բովանդակությունն ինքն է որոշում:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ