«ՌԵԻՆԿԱՐՆԱՑԻԱՅԻ» «ԱՂ ՈՒ ՀԱՑՆ» ՈՒ ՊԻՐԱՏՆԵՐԸ
Այսօր տեղի ունեցավ «Ռեինկարնացիա» խմբի «Աղ ու Հաց» անվանումը կրող ձայնասկավառակի շնորհանդեսը: Գրեթե բոլորի ուշադրությունը գրավել էր ձայնասկավառակներից պատրաստված բուրգը: Խմբի վոկալիստ Ռոլանդը բարեհամբույր պատասխանելով բոլոր լրագրողների հարցերին, նշեց. «Մենք սահմանափակումներ չունենք մեր երգաոճում, կարևորը, որ այն մեր սրտից է գալիս: Ամեն ալբոմում կա մի մաս, որտեղ առկա է իմ կյանքից մի հատված»:
Ի դեպ, «Աղ ու Հաց» անվանումով ձայնասկավառակը լրագրողները ստացան անվճար: Փառք Աստծո, որ նրանց գումարը դեռ բավականացնում է լրագրողների համար նման հաճելի անակնկալներ մատուցելու, թե չէ շոու-բիզնեսի ներկայացուցիչները մեկ-մեկ անտեսում են լրագրողներին ու մոռանում, որ հենց նրանց շնորհիվ են հանրությանը հայտնի դառնում: Ինչեւէ, Ռոլանդից «Իրավունքը» պարզեց, թե ինչու են ձայնասկավառակն անվանել «Աղ ու Հաց». ««Աղ ու Հաց» անվանել ենք ի պատիվ ձայնասկավառակի առաջին երգի: Ձայնասկավառակում կա նման վերնագրով երգ, այդ պատճառով էլ որոշեցինք այն անվանել «Աղ ու Հաց »:
Ռոլանդը, ով բնիկ երեւանցի է, նշեց. «Բնականաբար Ռուսաստանը ավելի զարգացած է, քան Հայաստանը, բայց պետք չէ հավատալ հեքիաթներին»:
Երեւանը սիրող անձնավորությունը չի հերքում նաեւ այն փաստը, որ մենք ամեն կերպ փորձում ենք եվրոպայանալ,- «Ուղղակի մենք` հայերս, փոքր խնդիրները միշտ դարձնում ենք մեծ, սիրում ենք բամբասել եւ մի շարք բացասական կողմեր ունենք»:
Նա մի դեպք եւս պատմեց, որ օտարազգի մի մարդու Ռոլանդը հարցրել է, թե հասկանո՞ւմ է իրենց երգը եւ ստացել դրական պատասխան, որտեղից երգիչը եզրակացրել է, որ հայերենը միջազգային լեզու է, ափսոս, որ այն չենք կարողանում գնահատել: Ինչ վերաբերում է «Ռեինկարնացիայի» առաջիկա պլաններին Ռոլանդի պրոդյուսերը տվեց հստակ պատասխան. «Մեկ ամսից կթողարկենք խտասկավառակը, որը կլինի համերգային տարբերակով: Նրա մի հատվածում տեղակայելու ենք մեր փոքրիկ եւ հետաքրքիր դոկումենտալ ֆիլմը, որում առկա կլինեն մեր բոլոր շրջագայությունները»:
Իսկ թե ինչպե՞ս կպաշտպանեն ձայնասկավառակը պիրատներից, Ռոլանդը հումորով պատասխանեց. «Այս շոգին ի՞նչ պիրատներ»:
ԴԻԱՆԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ