ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԻ
Ամանորյա տոներին ընդառաջ սեփական PR-ին մեծ տեղ տվող Արա Աբրահամյանը ՙհաճելի՚ անակնկալ էր պատրաստել ՙԱզգ՚ օրաթերթի խմբագրակազմի համար: Պարզվեց, Աբրահամյանը որոշել է այլեւս չհովանավորել տվյալ ԶԼՄ-ին` պարտքերի ու տհաճ իրավիճակների մեջ գցելով 30-40 աշխատակցի:
Տվյալ թեմայի շուրջ լրատվամիջոցներից մեկի կողմից ուղղված հարցին վերջինս պատասխանել էր, որ նա ոչ թե հարուստ, այլ շատ հարուստ է: Թե ինչով է պայմանավորված շատ հարուստ մարդուն ոչ հարիր կեցվածքը` փորձեցինք ճշտել հենց ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՑ, սակայն վերջինիս հետ կապ հաստատելու փոխարեն մեզ տրամադրվեց Ռուսաստանում հայերի միության հեռախոսահամարը, որտեղ եւ պետք է կապվեինք Գեորգի Տեր-Ղազարյանի հետ, սակայն Տեր-Ղազարյանի փոխարեն մեզ պատասխանեց, ինչպես ինքը ներկայացավ, ՙպռոստո՚ Սեդան, ով մինչեւ մեր հարցը կլսեր, խիստ անտարբեր ձայնով հարցրեց. ՙԻ±նչ է Ձեզ մոտ կատարվում, ո±վ է մահացել՚: Տեղեկանալով, որ մարդկային զոհեր չկան, Սեդան խուսափեց պատասխանել մեր կողմից հնչեցվող ՙԱզգ՚ օրաթերթի վերաբերյալ հարցերին:
Տվյալ թեմայի շուրջ փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաեւ ՙԱզգ՚ օրաթերթի խմբագրությունից, որի նյութերը կայքում վերջին անգամ թարմացվել են դեկտեմբերի 26-ին, սակայն ինքնապատասխանիչը արդեն իսկ ռուսերեն լեզվով խնդրում էր թողնել անուն-ազգանունը եւ հեռախոսահամար: Դե իսկ ՙՀամաշխարհային հայկական կոնգրես՚ հկ-ի առաջին փոխնախագահ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ եւս հրաժարվեց կոնկրետ պատասխաններից եւ նշեց. ՙՆա թերթի բաժնետեր չէ, ինչ վերաբերում է հովանավորությանը, դա այլ հարց է: Կարող է այսքան տարիների ընթացքում հովանավորել է, օգնել է, սակայն հիմա ինչ-ինչ պատճառներով միգուցե չի փորձում դա անել: Իմ իրավասության մեջ չի մտնում դա, ես ինֆորմացիայի չեմ տիրապետում: Ինչո±ւ ես պետք է տեղյակ լինեմ` նա ֆինանսական խնդիրներ ունի, թե ոչ: Ես ՙՀամաշխարհային հայկական կոնգրես՚ հասարակական կազմակերպության առաջին փոխնախագահն եմ: Մենք միասին աշխատում ենք նույն կազմակերպությունում, սակայն նրա անձնական գործերի հետ առնչություն չունեմ՚:
ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ