ՏՈՒԺԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺ
Երեկ ՀԱԿիստ Պետրոս Մակեյանը հերթական անգամ թքել-մրել է ՀԱԿ-ին: Այս անգամ նա առաջ է քաշել ՀԱԿ-ի 4 հիմնական սխալ կատարած քայլեր քաղաքական գործունեության մեջ: Նա նշել է, որ սխալ էր իշխանությունների հետ երկխոսության մեջ մտնելը, ինչպես նաեւ ԲՀԿ-ի հետ համագործակցելը, նկատել էր նաեւ, որ ԱԺ մտնել ու նախագահական ընտրություններում սեփական թեկնածու չառաջադրելը մեծ սխալ է: Ըստ Մակեյանի, եթե ՀԱԿ-ը այսպես շարունակի, ապա Կոնգրեսից չի մնա նույնիսկ ՙլոգոն՚: Թե արդյոք ուշ չէ ՀԱԿ-ին փոխվելու կամ որոշ հարցեր շտկելու համար` փորձեցինք ճշտել Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ ՍԵՐԳԵՅ ՄԻՆԱՍՅԱՆԻՑ, ինչպես նա նկատեց.
- Այն իրավիճակը, որը ստեղծվել է Կոնգրեսի համար, հատկապես, երբ ՙԲարգավաճ Հայաստանը՚ որոշեց չմասնակցել ընտրություններին, Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ որոշեց չմասնակցել, լուրջ ճգնաժամի վտանգ բերեց իր հետ: Իրականում պատճառները որոշ չափով օբեկտիվ են ու այդքան էլ կախված չէին 2012-ին կատարված քայլերից, որոնք Կոնգրեսը արել կամ չի արել, որովհետեւ այն երկխոսությունը, որը տեղի է ունեցել նախորդ տարիներին իշխանության ու ՀԱԿ-ի միջեւ, կտրուկ այլ քաղաքական իրավիճակ էր: Այն, որ ՀԱԿ-ը մասնակցելով խորհրդարանական ընտրություններին եւ 7 տոկոս ստանալով, մտել է խորհրդարան, մեծ հաղթանակ է կազմակերպվածության առումով: Ընդհանուրª նախագահական ընտրությունների հետ կապված իրավիճակն այնպես ընթացավ, որ փաստացի ՀԱԿ-ը դարձավ տուժած քաղաքական ուժ` երեւի թե ԲՀԿ-ից հետո: Եթե ՀԱԿ-ը չմասնակցեր խորհրդարանական ընտրություններին, ապա ճգնաժամը ավելի շուտ ու առավել ակնհայտ կլիներ:
ԿԱՐՈՂ ԵՆ ԴԻՄՈՒՄ ԳՐԵԼ ՈՒ ԴՈՒՐՍ ԳԱԼ ՀՀԿ-ԻՑ
Երեկ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը հայտարարել է, որ վստահված անձանց վկայական տրամադրելու է ՀՀԿ-ի ու ՕԵԿ-ի այն շարքային անձանց, ովքեր երբեւէ ղեկավար պաշտոն չեն զբաղեցրել: Այն հարցին, թե արդյոք տեսականորեն ՀՀԿ անդամները կարո±ղ են այլ թեկնածուի վստահված անձ լինել, փորձեցինք ճշտել ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր ԼԵՌՆԻԿ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻՑ, ըստ նրա. ՙԱնկեղծ ասած չեմ կարծում, որ ՀՀԿ անդամն այլ կուսակցության վստահված անձ լինի, որովհետեւ դա քաղաքական իմաստ չունի: Միգուցե նա մեկ-երկու մարդ գտնի այդպիսին, բայց մի քիչ քաղաքականությունից հասկացող մարդը, լինելով այս կուսակցության մեջ, ուրիշ թեկնածուի վստահված անձ չի կարող լինել, դա իր կողմից էլ ճիշտ չեմ համարում` հանրապետականներին իր վստահված անձի վկայական տալը: Բայց կարող է գտնվեն մարդիկ, որոնց համար կուսակցականությունը երկրորդական է ու մարդկային հարաբերություններից ելնելով լինեն նրա վստահված անձը: Նա կարող է դիմում գրել ու կուսակցությունից դուրս գալ: Եթե նա կուսակցության մեջ է, ապա դա բարոյական չէ` այլ թեկնածուի վստահված անձ լինելը՚:
ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ