ՀՅԴ-Ն ՉԻ ՍԱՏԱՐԻ ՀԱԿ-Ի ԹԵԿՆԱԾՈՒԻՆ
ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը կայացած ասուլիսի ժամանակ հայտնեց, որ ընդդիմությունը օգտագործելով սահմանադրական մեխանիզմը կարողացել է հրավիրել արտահերթ նիստ՝ կոնկրետ օրակարգով, որն է ընտրական համակարգի արմատական վերափոխումը. «Սա բնականաբար լուրջ շանս է այդ գործը կատարելու: Գործ, որին սպասում են այսօր բոլորը՝ և՛ մեր ժողովուրդը, և՛ հասարակությունը, և՛ միջազգային հանրությունը: Եթե մենք արտահերթ նիստում իրականացնենք բոլոր այն վերափոխումները, որոնք նախատեսված են, սա թույլ կտա բարձրացնել հասարակության հավատը ընտրությունների նկատմամբ և ընդհանրապես պետական ինստիտուտի նկատմամբ: Մի նպատակ, որի մասին խոսել ենք, բայց ոչ միայն մենք ենք խոսել, դրա մասին խոսել են նաև իշխանությունները: Դա թույլ կտա կատարելու ԵԱՀԿ-ի և ԵԽԽՎ-ի զեկույցներում առաջադրված պահանջները»:
«Իրավունք»-ի այն դիտարկմանը, որ Կոնգրեսն այսօր, կարծես թե, քննարկումների արդյունքում ընդհնուր կետեր է գտնում որոշ քաղաքական ուժերի հետ, և չի բացառվում նաև միասնական թեկնածույով հանդես գալը, բայց կսատարի արդյոք ՀՅԴ-ն ՀԱԿ-ի առաջադրած թեկնածուին՝ հարցին, Լ. Զուրաբյանը պատասխանեց. «Ինչ վերաբերվում է Դաշնակցությանը, նրանք կարծես իրենք էլ են ասել հրապարակայնորեն, որ իրենց անձը չի այդքան մտահոգում, ինչքան սկզբունքները և նրանք որևէ վերապահում, ձեր ասած ուղղությամբ չեն արել և չեն անի: Չեմ բացառում նման հնարավորություն»:
«Իրավունք»-ի դիտարկմանը, որ ՀԱԿ-ը ԲՀԿ-ին միշտ համարել է քրեաօլիգարխիկ, ի՞նչ է արդյոք փոխվել այսօր, որ ՀԱԿ-ը պատրաստ է դաշինքի մեջ մտնել ԲՀԿ-ի հետ, Լ. Զուրաբյանը պատասխանեց. «ԲՀԿ-ին մենք համարել ենք ոչ թե քրեաօլիգարխիկ, այլ քրեաօլիգարխիկ ռեժիմի մաս: Եթե նա պոկվում է քրեաօլիգարխիկ ռեժիմից՝ դադարում է լինել քրեաօլիգարխիկ ռեժիմի մաս»:
Լրագրողի հարցը այն մասին, կսատարի արդյոք ՀԱԿ-ը Գագիկ Ծառուկյանի թեկնածությունը, Լ. Զուրաբյանը պատասխանեց, որ չի ցանկանում նման զարգացումներ մեկնաբանել:
Լրագրողի հարցին, արդյոք Զուրաբյանը Գ. Ծառուկյանին համարում է օլիգարխ, ՀԱԿ համակարգողը պատասխանեց, որ դա սահմանման հարց է. «Դուք սահմանեք, թե ինչ է նշանակում օլիգարխ և ես կպատասխանեմ: Եթե զուտ դասական սահմանումից ելնենք, ապա նրան այլևս չի կարելի համարել օլիգարխ, հիմա ինքը պետական կառավարման որևէ լծակի չի տիրապետում»:
Մարինե Բարսեղյան