"ՍԱՀԱԿԱՇՎԻԼՈՒ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՋԱՎԱԽՔԻՆ ԲՈԲՈ ԷՐ ՊԱՏԿԵՐԱՑՆՈՒՄ"
Հունվարի 24-ին ԱԺ ՀՀԿ խմբակցության ջավախքցի պատգամավոր ՇԻՐԱԿ ԹՈՐՈՍՅԱՆԸ, տեղեկացավ, որ չորս տարի անց Վրաստանի ազգային անվտանգության ծառայության թույլատվության համաձայն, այսուհետ կարող է այցելել իր հայրենի Ջավախք: Այս բարի լուրը վերջինիս էր հայտնել իր ընկերը, ով թույլատվության մասին իմանալուն պես զանգահարել ու հայտնել էր պատգամավորին: Ի դեպ, հենց այդ օրը պարոն Թորոսյանը տեղեկացել է նաեւ Վահագն Չախալյանի ազատման լուրի մասին: Նկատենք, որ այս իրադարձությունները տեղի ունեցան Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանաշվիլու Հայաստան այցի շրջանակներում: Այս եւ այլ հարցերի շուրջ "Իրավունքը" զրուցեց պարոն Թորոսյանի հետ:
ՀՈՂՄԱՂԱՑՆԵՐԻ ԴԵՄ ԿՌՎՈՂԸ
- Ես այնքան էի ոգեւորվել այդ երկու լուրերից, որ չգիտեի ի՞նչ անել, արագ նստել մեքենան եւ տուն սլանալ, թե սպասել, քանի որ եղանակային պայմանները թույլ չէին տալիս ճանապարհ դուրս գալ: Բայց այդ օրը հայերի համար նշմարվեց եւս մեկ հրաշալի լուրով, Վրաստանի բանտում որպես քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի ազատությունով, ինչի հետ կապված լրատվամիջոցները, լավ իմաստով, հարցախեղդ էին անում ինձ` Վահագնի մասին, թե ինչպե՞ս եղավ, ե՞րբ կազատվի նա, ես էլ անընդհատ կապ էի պահպանում Վահագնի ներկայացուցիչների հետ եւ պարբերաբար տեղեկություններ հաղորդում: Երբ զգացի, որ այլեւս չեմ դիմանում այդ հարցախեղդումներին, Վահագնի համարը փոխանցեցի նրանց, որպեսզի բոլորը զրուցեն: Այնքան էի հուզված Չախալյանի բանտից դուրս գալու պատճառով, որ մի պահ նույնիսկ մոռացա իմ թույլտվության մասին եւ այդ ընթացքում չտեղեկացրեցի լրատվամիջոցներին: Ուշ երեկոյան, նույնիսկ չեմ հիշում, մի լրագրող ինձ հարց տվեց, թե պարո՛ն Թորոսյան, ի՞նչ եղավ Ձեր թույլտվության հարցը, ես միանգամից փայլատակեցի եւ ասացի, որ այդ հարցը եւս լուծված է: Պատկերացնո՞ւմ եք հարազատներս այդ մասին տեղեկացել էին կայքերից, զանգեցին եւ հուզված ասացին, թե ինչու չէի ասում այդ մասին:
- Պարո՛ն Թորոսյան, Ձեր կարծիքով ինչո՞վ էր պայմանավորված Վրաստանի նախագահ Մ. Սահակաշվիլու հակահայկական տրամադրությունը, եւ տարիներ անց Բ. Իվանիշվիլու ի հայտ գալը եւ մի շարք հայանպաստ միտումները:
- Սահակաշվիլու իշխանությունը որոշել էր Ջավախքը ներկայացներ որպես բոբո, կամ սարսափելի մի բան, այսինքն որդեգրել էին Դոն Քիշոթի վարքագիծը: Եթե հիշում եք, այդ պատմությունը. Դոն Քիշոթը մտացածին եւ երեւակայական թշնամիներ էր ստեղծում, օրինակ հողմաղացները, որոնց թշնամիներ էր պատկերացնում, նրանց վրա հարձակվում, ջարդում, փշրում եւ ցույց տալիս, թե տեսեք ինչ քաջագործություններ կատարեցի: Նույնիսկ կա մի թեւավոր խոսք` "դոնքիշոթյան վարքագիծ", եւ նման մի վարքագիծ էին կպցրել Ջավախքին, ջավախքցիներին` որպես անջատողական սեպարատիստներ: Նրանք կարծում էին, որ եթե այդպես չանեն, ապա Ջավախքը նրանց ձեռքից կգնա: Ջավախքահայերի նկատամբ բռնություններ էին իրականացնում, իսկ ովքեր փորձում էին պայքարել բռնությունների դեմ, անվանում էին անջատողական սեպարատիստներ, սահմանափակում էին նրանց գործունեությունը, ինչպես` Վ. Չախալյանին, Արմեն Գեւորգյանին, ով Աջարիայի հայ համայնքի ղեկավարն էր, նստեցրեցին, տասնյակ մարդկանց դատապարտեցին պայմանական ազատազրկման, հարյուրավոր մարդիկ լքեցին Ջավախքը, իմ նման մարդկանց արգելեցին հայրենի քաղաք մուտք գործել, որով փորձում էին Վրաստանի ամբողջականությունը պահպանել: Իսկ Իվանաշվիլին շատ հստակ գիտակցում էր, որ ընդամենը կուտակված հիմնախնդիրների լուծմամբ պետք է ջավախքցիներին արժանավայել Վրաստանի քաղաքացի դարձներ: Նա նույնիսկ համարձակորեն ազգային-հասարակական գործիչներից մեկին` Նորիկ Կարապետյանին, մեծամասնական թեկնածու դարձրեց եւ խոստացավ, որ կլուծի բոլոր խնդիրները, այդ թվում` հայկական եկեղեցիների, բռնի ձեւով հայ դատապարտվածների եւ այլն: Եվ ինչպես մենք տեսանք, այն հարցերը, որոնք արագ լուծելի են, լուծվեցին, իսկ այն խնդիրները, որոնք ժամանակ են պահանջում, մենք արդեն վստահություն ունենք, որ կլուծվեն:
ԱԲԽԱԶԱԿԱՆ ԳԾԻ ԲԱՑՈՒՄԸ ՏԵՍԱՆԵԼԻ Է
- Աբխազական գծի բացումը, որքանո՞վ եք տեսանելի եւ ռեալ համարում:
- Իմ կարծիքով աբխազական գծի բացումն արդեն տեսանելի է, որովհետեւ մենք ականատեսն ենք Վրաստանի նոր տարածաշրջանային քաղաքականության որդեգրմանը, ըստ որի փորձում են վերականգնել Ռուսաստանի հետ կորցրած հարաբերությունները: Իսկ եթե դրանք վերականգնվում են, ապա, բնականաբար, դրա ենթատեքստում վերականգնվում են նախկինում առաջացած կոմունիկացիոն խոչընդոտները, այդ թվում նաեւ հենց աբխազական երկաթուղու գծերը տեսանելի են դառնում: Ես օրերս կարդացի Իվանաշվիլու հերթական հայտարարությունը, որտեղ նշված էր, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգնումը իր կառավարության գերակա խնդիրն է: Իսկ ի՞նչ է դա նշանակում, որ այդ հարաբերությունների վերականգնումը արդեն յոթ սարի ետեւում չէ: Դրա անմիջական հետեւանքներից մեկը կլինի աբխազական երկաթուղու բացումը, որը առաջին հերթին ձեռնատու է Վրաստանին, որովհետեւ առաջիկայում կբացվի նաեւ Վրաստանի տրենդային ապրանքների համար ռուսական շուկան, իսկ ամենաձեռնատու փոխադրումները արվում են երկաթուղով: Իսկ Սահակաշվիլին որոշել էր, որ եթե դա մեզ ձեռնատու է, ապա դա ձեռնատու չէ իրենց: Այստեղ տեղին է հիշել այս անեկդոտը. "Աստծո մոտ հերթ են կանգնած տարբեր ազգի ներկայացուցիչներ եւ ինչ-որ բան են խնդրում: Առջեւում հրեան է կանգնած, իսկ ետեւում հայը, իսկ Աստված պայման է դրել, որ ում խնդրանքը առաջինը կատարեց, նրանից հետո եկողի համար կրկնապատիկն է կատարելու: Այս պայմանն իմանալով` հրեան ասում է` իմ մի աչքը հանեք": Մոտավորապես նման մի իրավիճակ էր առաջացել: Իսկ Իվանիշվիլին բիզնես հոգեբանություն ունենալով, գնահատելով իրավիճակը, հասկանում է, որ աբխազական երկաթուղու բացումը առաջին հերթին Վրաստանին է ձեռնատու, իսկ Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթգիծը Վրաստանի համար տնտեսապես շահավետ չէ: Իսկ երբ մենք այդ մասին խոսում էինք տարիներ շարունակ, մեզ մեղադրում էին` ասելով, որ չեք մտածում ո՛չ Հայաստանի, եւ ո՛չ Վրաստանի շահի մասին եւ թշնամացնում եք երկու պետություններին: Մինչդեռ, այսօր պարզ է դառնում արդեն, որ վրաց ժողովուրդը եւս այդպես է կարծել, որովհետեւ այդպես մտածող քաղաքական ուժին ձայն է տվել: Մեր տարիների պայքարի հավաստիացումն էր այդ քվեարկությունը:
- Պարո՛ն Թորոսյան, իսկ Բաթումի նոր ճանապարհի բացումը ե՞ւս իրատեսական եք համարում:
- Այդ ճանապարհի բացման ծրագիրը եւս կար Սահակաշվիլու կառավարման ծրագրերում, որով Վրաստանը պարտավորվել էր Ախլցխա-Բաթումի այդ Խուլոյի հատվածը, որը 80 կմ էր, կառուցել, այն լրիվ քանդված վիճակում էր, բայց վրացական իշխանությունները չէին շտապում այն կառուցել, որպեսզի Երեւան-Բաթումի ճանապարհը էապես կրճատվեր: Հիմա մենք, բարեբախտաբար, ունենք Հյուսիս-Հարավ ծրագիրը` Մեղրիից մինչեւ Բավրա, Հայաստանի ողջ տարածքով անցնող միջպետական նշանակության ճանապարհի վերանորոգումը եւ ժամանակակից պահանջներին համապատասխանեցումը: Իսկ Վրաստանի կողմից Ջավախքի ճանապարհները նորոգված են, իսկ եթե վրացական նոր իշխանությունները վերանորոգեն այդ Խուլոյի հատվածը, ապա կունենանք Երեւան-Բաթումի չորսից հինգ ժամանոց ավտոճանապարհ, որը փոխշահավետ կլինի երկու երկրների համար:
- Վերջում կցանկանայինք մի ներքաղաքական հարց ուղղել` ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի սահմանադրական դատարան չդիմելու որոշման հետ կապված: Ինչպե՞ս եք գնահատում այդ քայլը:
- Ես, ընդհանրապես, բարձր եմ գնահատում պարոն Հայրիկյանի քաղաքական գործունեությունը, հատկապես` խորհրդային տարիներին նրա ընդատակյա գործունեությունը: Կարծում եմ, որ նա թե՛ խորհրդային ընդատակում, թե՛ Հայաստանի անկախության ձեւավորման հարցում, շատ լուրջ դերակատարում է ունեցել եւ նա պարբերաբար առաջադրել է իր թեկնածությունը Հայաստանի նախագահական ընտրություններին: Ցավում եմ, որ այս նախընտրական շրջանում տեղի ունեցավ այդ միջադեպը, բայց նաեւ շատ բարձր եմ գնահատում իր այդ որոշումը` նախագահական ընտրությունները չհետաձգելը, որովհետեւ դա մեր ներքաղաքական կյանքում մեծ կարեւոր իրադարձություն է, եւ անտեղի հետաձգումը չի բխում ներքաղաքական կայունության շահերից: Իսկ թե ինչպե՞ս են մեկնաբանում Հայրիկյանի այդ քայլը` դա իրենց գործն է, ես կարծում եմ, որ նա դա արեց զուտ պետության շահերից ելնելով:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ