ՂԱԶԱՆՉՅԱՆԸ ՍԵՐԲԱԿԱՆ «ՎԻՐՈՒՍ» Է ԲԵՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՓետրվարի 22-ին Պատանի հանդիսատեսի թատրոնում կկայանա «ՎԻՐՈՒՍ» ներկայացման առաջնախաղը: Այդ մասին «Իրավունք»-ի հետ զրույցում ասաց թատրոնի գեղարվեստական ղեկավար ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆԸ` նշելով, որ պիեսի հեղինակը սերբ ժամանակակից հայտնի դրամատուրգ Սինիշա Կովաչեւիչն է. «Պիեսի ռուսական տարբերակին ծանոթացա դեռեւս այն ժամանակ, երբ գտնվում էի Ուլյանովսկում: Սերբ թատերագետ Դրագանա Բոշկովիչը առաջարկեց ինձ ծանոթանալ այս գործին: Պետք է ասեմ, որ պիեսը ինձ շատ դուր եկավ: Որոշ ժամանակ հետո առիթ ունեցա Բելգրադում հանդիպել պիեսի հեղինակին: Այստեղ էլ պայմանավորվեցինք, որ գալով Երեւան կբեմադրեմ այն, տարվա սկզբին»: Հ.Ղազանչյանի փոխանցմամբ, սերբ դրամատուրգը նվիրել է իրեն նշյալ պիեսը եւ որեւէ հոնորար չի պահանջել հեղինակային իրավունքների համար: Ավելին, Ս.Կովաչեւիչը ներկա է գտնվելու «ՎԻՐՈՒՍԻ» երեւանյան առաջնախաղին: Վերջինս Հայաստան է գալու ամենահայտնի թատերական փառատոներից մեկի տնօրենի, ինչպես նաեւ սերբական երկու առաջատար հեռուստաընկերությունների լրագրողների ուղեկցությամբ: Նրանք պետք է հաղորդում պատրաստեն եւ ցուցադրեն հեռուստատեսությամբ:
«Չեմ ուզում առաջ վազեմ ու խոսեմ ներկայացման մասին: Իմ տպավորությամբ, կարծես թե ինչ-որ հետաքրքիր պատկեր է ստացվել: Ինչը կարող եմ հստակ ասել`ունենք հրաշալի դերակատարումներ: Ես կարծում եմ, որ մեր թատերախմբի համար այս պիեսը մեծ նվեր էր, որովհետեւ շատ լուրջ ստեղծագործություն է: Գուցե եւ շատ ծանր իր ասելիքով, բովանդակությամբ: Թեմա է, որի մասին մենք քիչ ենք խոսում Հայաստանում: Քիչ ենք խոսում այն պատճառով, որ մեզ մոտ, բարեբախտաբար, այն մեծ չափերի չի հասել, ասենք, ինչպես Ուկրաինայում եւ Ռուսաստանում: Խոսքը` ՁԻԱՀ-ի մասին է, ինչը իրողություն է եւ մենք իրավունք չունենք լռելու»,- ընգծեց Հ.Ղազանչյանը` ներկայացնելով պիեսը:
«ՎԻՐՈՒՍԻ» գլխավոր հերոսը ստիպված է կրել իր խաչը միայնակ, քանի որ մեկուսացվում է հասարակության կողմից, անգամ իրեն ամենամոտ կանգնած մարդիկ լքում են իրեն, ինչը, ոչ միայն շատ դաժան երեւույթ է իր տեսակով, այլ նաեւ շատ վտանգավոր. «Մեկուսացված մարդը կենսաբանորեն փոխվում է, դառնում է գազան եւ ինքն է սկսում կռվել հասարակության հետ, վրեժ լուծել նրանից: Այս ամենի հետեւանքները շատ ավելի ողբերգական կարող են դառնալ հասարակության համար: Ահա, սա է պիեսի ասելիքը: Ծանր է, բայց դրա մասին պետք է խոսել: Թատրոնը վերջին հաշվով, մտածելու արվեստ է, ավելի շատ մտածելու արվեստ, քան զվարճանքի, ժամանցի վայր»,- համոզված է Հ.Ղազանչյանը:
Վ.ՄՈՒՐԱԴՅԱՆ
↧
ՂԱԶԱՆՉՅԱՆԸ ՍԵՐԲԱԿԱՆ «ՎԻՐՈՒՍ» Է ԲԵՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆ
↧