՛՛ԿԻՆԸ՛՛ ՖԻԼՄՆ ՈՒՂԵՐՁ Է ՄԵՐ ԹՇՆԱՄԻՆԵՐԻՆ
Վերջերս մեծ աղմուկ բարձրացրած <<Կինը>> ֆիլմը մի քանի օրից կմասնակցի Լեհաստանում միջազգային <<ZOOM>> փառատոնի մրցանակաբաշխությանը:
Կինոռեժիսոր Արշակ Զաքարյանի խոսքերով. <<Ֆիլմը ոչ կոմերցիոն է` այսինքն՝ այն ստեղծված չէ գումար աշխատելու նպատակով: Սա ուղերձ է մեր թշնամիներին` այն զոհավածների փոխարեն եկել են նրանց որդիները: Եկել են նույն ուժով պայքարելու, ոչնչացնելու թշնամու կողմից իրականացվող ցանկացած ոտնձգություն: Հարց են տալիս, թե ինչու է զոհված ազատամարտիկի տունը ֆիլմում պատկերված գեղեցիկ, լավը, ինչու են նրանք նորմալ ապրում: Այո, մենք ցույց ենք տալիս աշխարհին, որ մենք կանք, ապրում ենք լավ, մեր զոհվածների որդիներն էլ հսկում են սահմանները եւ պատրաստ են ձեր գլուխները ջարդել այնպես, ինչպես նրանց հայրերը կամ պապերն են արել: Այս ֆիլմը այսօր ԱՊՀ-ում մասնակցում է փառատոների, որին մասնակցում են ե՛ւ թուրքեր, ե՛ւ ադրբեջանցիներ` կոնկրետ ուղերձը նրանցն է: Կոմերցիոն ֆիլմերը Հայաստանում ճանաչում չունեն, թեկուզ հաջողության արժանացած ժամանակ>>:
Հարցին մշակույթի նախարարությունից աջակցություն եղե՞լ է, Արշակ Զաքարյանը նշեց, որ ի զարմանս իրեն աջակցել եւ տրամադրել են մեկ տոմսի գումար:
Կոմերցիոն կինոյի համահայկական կենտրոնի նախագահ Արտաշես Հովհաննիսյանը փաստեց. <<Մենք ստեղծվել ենք 2010թ. կոչվում ենք` ոչ կոմերցիոն կինոյի համահայկական կենտրոն: 2010թ. դարձել ենք UNICA-ի անդամ` միավորում է 34 երկիր, որոնք ամեն տարի ներկայացնում են ոչ կոմերցիոն ֆիլմեր իրենց համաշխարհային փառատներին: Արդեն երկու անգամ մասնակցել ենք` Լյուքսենբուրգում 2011թ. եւ Բուլղարիայում 2012թ.: Ամեն տարի 6-7 ֆիլմ ենք ներկայացնում համաշխարհային փառատոներին, իսկ այդ ֆիլմերը ընտրվում են Հայաստանում կազամկերպված ոչ կոմերիցիոն ֆիլմերի համահայկական փառատոների ժամանակ: Մեր լավագույն ֆիլմը երկու անգամ արժանացել է արծաթե մեդալի: Ցավոք սրտի ոչ ոք չի արձագանքում այդ մասին>>:
Ֆիլմի մասին խոսեց նաև գլխավոր հերոսուհին` եղբորը պատերազմում կորցրած դերասանուհի Զառա Հակոբյանը. <<Այսօր մենք բոլորս մեծ պատասխանատվություն ենք կրում` դաստիարակելով մեր որդիներին: Այո, մեր որդիներին զինվոր տեսնելու վախ էլ կա, քանի որ բոլորս գիտենք, որ այսօր սահմանները այդքան էլ խաղաղ չեն: Հայրենիքը շատ ավելի վեհ գաղափար է մեզ համար, ոչ թե պետք է վախենալ, որ կգնան ու վատ բան կպատահի նրանց հետ, այլ մեր աղոթքներով սատար կանգնենք նրանց: Կոչ եմ անում` չոր աչքով ճանապարհել, չոր աչքով դիմավորել, այսինքն՝ չմտածենք, որ գնալու են ու ետ չգա, այլ գնալու են ու փառքով վերադառնալու: Ես իմ այդ դերում մոտիկ էի հերոսուհու կերպարին, քանի որ արդեն ապրել եմ այդ ցավը>>:
Ի դեպ, կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը տեղեկացրեց, որ իր երկրորդ ֆիլմը նկարահանելու համար վաճառել է իր ավտոմեքենան:
ԳԱՅԱՆԵ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ