ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ԱՆՊՏՂՈՒԹՅԱՆ ԹԻՎԸ ԱՎԵԼԱՑԵԼ Է
Հայաստանում այս տարի 1.5 անգամ ավելացել է տղամարդկանց անպտղության թիվը: Ամուսնացած զույգերի 15%-ն անպտղության համար դիմում է բժշկի, և 50%-ի դեպքում պատճառը լինում է տղամարդու մոտ: Այս մասին այսօր կայացած ասուլիսին հայտնեց բժիշկ-ուրոլոգ, անդրոլոգիայի ծառայության ղեկավար Գևորգ Գրիգորյանը:
Պատճառները նշելիս բժիշկն առաջին հերթին մատնանշեց ալկոհոլը, որի չարաշահումն անդառնալիորեն ընկճում է սերմի որակը: Վերջինիս խոսքով՝ անպտղության են տանում նաև սեռավարակները, որոնց մասին, ցավոք, հայ տղամարդիկ տեղեկանում են բակից:
Ասուլիսին ներկա ախտորոշիչ կենտրոնի լաբորատոր ծառայության ղեկավար Անահիտ Պետրոսյանն էլ առանձնացրեց պղնձամոլիբդենային կոմբինատում աշխատելու, արտագնա աշխատանքի մեկնելու հանգամանքները, որոնք մեծապես նպաստում են տղամարդկանց անպտղությանը: «Իսկ հիմնականում սեռական ինֆեկցիաներն են բերում անպտղության, որոնց տարածումը գալիս է տգիտությունից և շատ բաների չիմացությունից»,- ասաց նա:
Վերջինիս տեղեկացմամբ՝ ախտորոշման համար իրենց դիմել են մոտ 3000-4000 տղամարդ, որոնցից 30%-ը անպտղության խնդրով, և, հիմնականում, 29 տարեկանից բարձր տարիք ունեցող տղամարդիկ են դիմում, իսկ ընդհանուր հետազոտվողները 25-40 տարեկաններն են: Բոլոր դիմողներից մոտ 50-60%-ը դիմում է սերմի որակի խնդրով: Իսկ կանայք այդ խնդրով 19 տարեկանից են դիմում: «Կոնկրետ հետազոտություններ արված չեն, բայց միջազգային փորձը ցույց է տալիս, որ ծանր մետաղների հետ աշխատելը ազդում է սերմագոյացման վրա»,- ասաց նա՝ հավելելով, տղամարդկանց սեռական առողջությամբ զբաղվող կենտրոններն են նաև ավելացել, և դա նշանակում է, որ հիմա այդ ուղղությամբ աշխատանքն ավելացել է: Վերջինս խորհուրդ տվեց, որ մտահոգություններ ունենալու դեպքում ավելի լավ է դիմել մինչև ամուսնանալը:
«Իրավունքի» այն հարցին, թե ի վերջո բուժման մեթոդները հիմնականում դեղորայքային են, թե վիրհատական, Ա. Պետրոսյանը պատասխանեց. «Իհարկե վիրահատություններ էլ կարող են լինել, սակայն աշխատում ենք գործը վիրահատության չհասնի»: Գեւորգ Գրիգորյանն էլ հավելեց. «Նայած թե մենք հիվանդին ինչից ենք բուժում: Կան հիվանդություններ, որոնք պահանջում են միայն վիրահատական միջամտություն, իսկ վիրահատական միջամտությունը տվյալ դեպքում, պարտադիր չէ, որ այն լինի ուռոլոգիական, ասենք էլեմենտար աճուքային ճողվածքի վիրահատությունը ռիսկային վիրահատությունների շարքին է դասվում, որը հետագայում կարող է հանգեցնել սերմի որակի վատթարացման»:
ԱՍՏՂԻԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ