“ԻՆՉՔԱՆ ՇԱՏ ՄԱՐԴ ԳԻՐՔ ԿԱՐԴԱ, ԱՅՆՔԱՆ ԽԱՂԱՂ ԿԱՊՐԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԸ”
Խնկո Ապոր անվան մանկական գրադարանում տեղի ունեցավ մանկապատանեկան գրքի երևանյան 9-րդ ցուցահանդես-վաճառքի բացման արարողությունը: Ցուցահանդես վաճաքը տեւվելու է ընդամենը 3 օր` փետրվարի 21-23-ը: Այն արդեն մի քանի տարի է՝ կազմակերպվում է Մշակույթի նախարարության, Խնկո Ապոր անվան մանկական գրադարանի եւ Հայաստանի հրատարակիչների ասոցիացիայի աջակցությամբ: Միջոցառմանը ներկա էին` գրողներ, մտավորականներ, հրատարակիչներ, դպրոցականեր եւ այլք: Հաջորդ օրը՝ փետրվարի 22-ին, դերասանուհի Մայրանուշ Գրիգորյանի ծննդյան 60-ամյակին նվիրված միջոցառում կլինի:
Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը կարեւորեց, որ այս միջոցառումը շարունակական բնույթ կրելով` կբերի մատաղ սերնդի մեջ ընթերցանության նկատմամբ ուշադրության զարգացմանը:
Մշակույթի նախարարի տեղակալ Արեւ Սամուելյանը փաստեց. “9 անգամ կազմակերպել մանկապատանեկան փառատոն ինքնին շատ կարեւոր է: Գրքի մայրաքաղաքի հիմնական ուղղություններից մեկը` մանկապատանեկան ընթերցանության խթանումն է: Այս միջոցառումը ունի շատ դրական հետեւանքներ: Ինչքան շատ մարդ գիրք կարդա, այնքան խաղաղ կապրի տարածաշրջանը”:
ՀՀ մշակույթի նախարարության կողմից ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի անդամ Ռազմիկ Ստեփանյանը գրահրատարակչության ոլորտում ունեցած մեծ ավանդի համար պարգեւատրվեց «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալով եւ Մշակույթի նախարարության պատվոգրով:
Բացման արարողությունից անմիջապես հետո միջոցառման շարունակությունը տեղափոխվեց Խնկո Ապոր անվան մանկական գրադարանի դահլիճ, որտեղ “Էդիթ Պրինտ” հրատարակչությունը կազմակերպել էր` Լիպարիտ Սարգսյանի բանաստեղծությունների եւ Կարինե Գալյանի երաժշտությամբ “Երաժշտական գործիքներ” ինտերակտիվ գրքի շնորհանդեսը: “Էդիթ Պրինտը” ներկայացրեց Հայաստանում նախադեպը չունեցող աուդիո-էլեկտրոնային գիրքը: Նորույթը հասանելի է iPad, iPhone եւ Apple ընկերության բոլոր սարքերի համար: “Երաժշտական գործիքներ” գրքում զետեղված են ոչ միայն հայկական, այլ նաեւ համաշխարհային ազգային երաժշտական գործիքների ձայները եւ դրանց մասին երգերը մանուկների կատարմամբ, ինչպես նաեւ բանաստեղծություններ ու հնչող երգի նոտաներ:
ԳԱՅԱՆԵ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ