Րաֆֆի Հովհաննիսյանն ընդունել է ընտրության արդյունքները. Հայկ Բաբուխանյան

՛՛Ընտրություններից մենք դուրս եկանք հաղթանակած ժողովրդով: Մեր երկրի վերընտրված նախագահը, ինչպես կանխատեսում էինք, ստացավ ժողովրդի մեծամասնության ձայները՛՛,-այսօր ասուլիսում փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններին նման գնահատական տվեց ՍԻՄ առաջնորդ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը: Նա միֆ է համարում այն տեսակետերը, թե ընտրությունները մրցակցային չէին, ժողովուրդը իբր անտարբեր էր, թե ձևավորվել էր վախի մթնոլորտ:
Հարցին, թե այդ դեպքում ինչու են ՛՛Ազատության՛՛ հրապարակում մարդիկ իրենց դժգոհությունը հայտնում նախագահական ընտրություններից, պատգամավորը պատասխանեց.
"Դա ժողովրդավարության դրսևորումն է, մարդիկ ազատ են, դժգոհում են, որ չի ընտրվել իրենց ցանկալի թեկնածուն. ընտրությունների արդյունքը չի որոշում մի քանի հարյուր մարդ, ընտրությունների արդյունքը որոշվում է ԿԸՀ-ի արձանագրություններով: Եթե մի քանի հոգի բողոքում են, դա ոչինչ չի նշանակում: Բացի դա Րաֆֆի Հովհաննիսյանն ընդունել է արդյունքները իր հանձնաժողովների անդամների ու վստահված անձանց միջոցով":