«ՋԵԿԻ ՉԱՆԸ ՉԵՄ, ԳՈՌ ՎԱՐԴԱՆՅԱՆՆ ԵՄ»
Նոյեմբերի 14-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա իրական փաստերի հիման վրա նկարահանված «Ստվերները դրախտում» ֆիլմի պրեմիերան: Մինչ այդ, ֆիլմի գլխավոր հերոս «Դուքենդոյի» ֆեդերացիայի նախագահ, դերասան, կինոռեժիսոր ԳՈՌ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ լրագրողներին պատմեց, որ ֆիլմը էմիգրանտ հայ եւ ռուս ընտանիքների մասին է, որոնք Սովետական Միության փլուզումից հետո են տեղափոխվել ԱՄՆ` ժառանգելով մեծ հարստություն:
«Ֆիլմը հայ ընտանիքի` երկու եղբայրների մասին է, այն մարդկային պատմություն է, կարող է պատահել ցանկացած ընտանիքի հետ` անկախ ազգային պատկանելությունից: Թե ինչպես է իրավիճակը ստիպում մարդուն անել այն, ինչը չի ցանկացել անել ամբողջ կյանքում: Մեր ֆիլմի հերոսը, վստահ եմ` կուզենար, որ այդ ամենը չունենար, բայց ունենար այն, ինչը կորցրեց»,- ասաց Գ. Վարդանյանն ու հորդորեց հանդիսատեսին, որ սիրեն ֆիլմի հերոսին, բայց վախենան նմանվել նրան:
Ի դեպ, Գ. Վարդանյանն իր ֆիլմերով չի պատրաստվում անցնել ավելի թեթեւ ժանրի, ինչի մասին նշեց. «Ես Ջեկի Չանը չեմ, ես Գոռ Վարդանյանն եմ: Չեմ սիրում նմանվել ինչ-որ մեկին: Ջեկի Չանը թող նստի-նայի մեր ֆիլմը եւ փորձի ինքը մեր նման ֆիլմ նկարահանել»:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ