ԲՀԿ-Ն ԱՆԴՐԱԴԱՐՁԱՎ ԱԺ-ՈՒՄ ՀԱՆՎԵԼՈՒ ԿՈՂՄՆԱԿԻՑ Ն. ՓԱՇԻՆՅԱՆԻ «ՊՈԶԱՆԵՐԻՆ»
Այսօր ԲՀԿ-ի հասցեին ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցված մեղադրանքներին ի պատասխան խորհրդարանական ամբիոնից ելույթ ունեցավ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր ՄԻՔԱՅԵԼ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԸ` վերջինիս համարելով ընդդիմության ընդդիմություն. «Երբ մենք բոլորս լծված ենք համակարգային փոփոխություններ անելուն, պրոբլեմները լուծելուն, պարոն Փաշինյան, չեմ գտնում ճիշտ, որ Դուք ձեր առաջ առաջադրանք եք դրել կամ էլ ձեր առաջ են առաջադրանք դրել, որպեսզի հարվածեք եւ փոշիացնեք միջավայրը զուլալ դարձնելու մեր գործընթացին: Սա ես, մեղմ ասած, կոռեկտ չեմ համարում: Մենք պետք է գնանք կոնսենսուսի ճանապարհով եւ այդ ճանապարհին որեւէ բան չենք բացառում: Չկան մշտական թշնամիներ եւ չկան մշտական բարեկամներ: Մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ ենք եւ ընդհանուր շահեր ունենք ու պետք է խոսենք մեր ընդհանուր շահերի մասին: Եկեք վեր կանգնենք, մեծահոգի լինենք… Եթե Դուք առիթ է լինում կյանքում շատ խոշոր երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հետ շփվում եք, ուրեմն` տեսնում եք, որ նրանք ամենահասարակ մարդիկ են: Եվ պետք չէ տարբեր տիպի պոզաներ, կեցվածքներ ընդունել, մենք պետք է վեր կանգնենք այս ամեն ինչից»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ